Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը:
Ողջունելով գործընկերոջը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շարունակական համագործակցության համար՝ ընդգծելով, որ մշակույթը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առանցքային ուղղություններից է։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային շարունակական գործընկերության համար՝ նշելով, որ միջմշակութային համագործակցությունը վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է և ունի ընդլայնման մեծ ներուժ։
Նախարարն առանձնացրել է Հայաստանի պատմության թանգարանի և Փարիզի Լուվրի թանգարանի համատեղ կազմակերպած ցուցադրությունը՝ այն գնահատելով որպես երկկողմ մշակութային համագործակցության հաջողված օրինակ։
Անդրադարձ է կատարվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցին, որի շրջանակում ստորագրվել են համագործակցության մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ մշակույթի ոլորտում։ Այս համատեքստում քննարկվել են արդեն իսկ ձեռք բերված համագործակցության արդյունքները և դրանց հետագա զարգացման հեռանկարները։ Մասնավորապես, կարևորվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև ձևավորված համագործակցությունը: Ֆրանսիական կողմը նշել է, որ հետաքրքրված է Օրսեի թանգարանի և հայկական որևէ թանգարանի հետ համագործակցության հաստատման հարցում և պատրաստակամ է աջակցելու համատեղ նախաձեռնություններին։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նմանօրինակ նախաձեռնությունները ոչ միայն հնարավորություն են տալիս ներկայացնելու համաշխարհային մշակութային ժառանգությունը, այլև նպաստում են ժողովուրդների միջև մշակութային երկխոսության խորացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են թանգարանների միջև երկարաժամկետ համագործակցության, համատեղ ցուցահանդեսների, թանգարանային մասնագետների փորձի փոխանակման, հավաքածուների պահպանության, վերականգնման և թվայնացման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության ու կառավարման ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև երիտասարդ մասնագետների վերապատրաստմանը, ժամանակակից արվեստի, ստեղծարար արդյունաբերությունների, համատեղ կինոարտադրության, գրականության և թարգմանական ծրագրերի զարգացմանը։
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այդ հարթակին։ Նա տեղեկացրել է, որ 2027 թվականի հուլիսին Երևանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի մշակույթի նախարարների համաժողովը, որին կհաջորդեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային միջազգային խաղերը։ Նրա ընդգծմամբ՝ ֆրանսիացի գործընկերների փորձն ու աջակցությունը կարևոր նշանակություն կունենան այդ կարևոր միջոցառումների կազմակերպման գործում, որոնք Հայաստանի համար բացառիկ հնարավորություն են միջազգային հանրությանը ներկայացնելու մեր երկրի մշակութային ժառանգությունը, ժամանակակից արվեստն ու ստեղծարար ներուժը։
Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարը բարձր է գնահատել Հայաստանի հետ մշակութային համագործակցության ընթացքն ու համատեղ նախաձեռնությունների արդյունքները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը թանգարանային գործի, մշակութային ժառանգության պահպանության, ժամանակակից արվեստի և մշակութային փոխանակումների ուղղություններով։ Նա կարևորել է Հայաստանի ներդրումը ֆրանկոֆոն շարժման մեջ և վստահություն հայտնել, որ առաջիկա միջոցառումները կանցկացվեն բարձր մակարդակով։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են մշակույթի ոլորտում համագործակցության խորացման պատրաստակամությունը։