ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը.
«Բնության պահպանությունը սկսվում է գիտելիքից, իսկ գիտելիքը պետք է լինի հասանելի յուրաքանչյուրին՝ առանց որևէ խոչընդոտի։
Հենց այս գաղափարով է ստեղծվել «Այ Էս Էս Դի» հասարակական կազմակերպության և Լսողության խնդիրներ ունեցող երեխաների (ԼԽՈՒԵ) հատուկ դպրոցի համատեղ նախագիծը՝ հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը։
Սա կարևոր և նորարարական նախաձեռնություն է, որը նպաստում է, որպեսզի շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, կլիմայի, թափոնների կառավարման և այլ բնապահպանական հասկացություններ հասանելի ու ընկալելի դառնան նաև լսողության խնդիրներ ունեցող անձանց համար։
Յուրաքանչյուր ոք պետք է ունենա հավասար հնարավորություն սովորելու, տեղեկանալու և մասնակցելու հասարակական կյանքին։ Իսկ բնապահպանական կրթության ոլորտում ներառականությունը նշանակում է, որ բնության մասին գիտելիքը չպետք է սահմանափակվի հաղորդակցման որևէ ձևով։
Այս բառարանը կարևոր քայլ է դեպի ավելի ներառական կրթություն և ավելի պատասխանատու հասարակություն, որտեղ բնապահպանական մշակույթը ձևավորվում է բոլորի մասնակցությամբ։ Որքան ավելի շատ մարդիկ հնարավորություն ունեն հասկանալու բնապահպանական հիմնախնդիրներն ու դրանց լուծումները, այնքան ավելի ամուր է դառնում մեր ընդհանուր ջանքը՝ հանուն բնության պահպանության»