Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անհատ ձեռնարկատեր Վահագն Պետրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում՝ «Իսակով բարբիքյու»-ում (ք․ Երևան, Իսակովի 27/3), իրականացված ստուգման ընթացքում պարզել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։


ՍԱՏՄ-ից հայտնում են, որ լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների նմուշները «ԱՑԽՄ» և «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: