Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Հուլիսի 7-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «ԳՈՒՎ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Կ. Մ.-ն է, որի վիճակը բժիշկները գնահատել են ծանր։


Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ հուլիսի 7-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, երեխան ծնողների հետ գտնվել է հորեղբոր՝ Արմավիրի մարզի տանը։ Տան բակում խաղալու ժամանակ երեխան անզգուշությամբ քաշել է խորովածի մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա, և նա ստացել է «գանգուղեղային վնասվածք»։


Հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը, սակայն նա որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։


Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։