«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Չնայած ՆԳՆ կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։ Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են նոր քաղաքացիներ տուժել։


 

«Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցագործներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։


 

Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝

 

• մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր.

• մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ.

• կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։

 

Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր»,- նշում են ՆԳՆ ոստիկանությունից։