Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է էբոլայի համաճարակաբանական իրավիճակը աշխարհում (17.07.2026 թ., ժամը 09:00-ի դրությամբ):


«Ուգանդայում վերջին հաստատված հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից։ Երկիրը սկսել է ԱՀԿ-ի կողմից սահմանված 42-օրյա հետհաշվարկը, որի ընթացքում նոր դեպքերի բացակայության դեպքում բռնկումը կհամարվի ավարտված։ Միաժամանակ պահպանվում է ուժեղացված համաճարակաբանական հսկողությունը։


 

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակում է արձանագրվել էբոլայի բռնկումը․ գրանցվել է 2073 հաստատված դեպք և 796 մահվան դեպք։


 

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) գնահատմամբ՝ Եվրոպական միությունում և Եվրոպական տնտեսական գոտում վարակման ռիսկը շարունակում է մնալ շատ ցածր։

 


Ներկայումս ԱՀԿ-ի կողմից հաստատված բուժում և լիցենզավորված պատվաստանյութ Բունդիբուգյո շտամով պայմանավորված էբոլայի դեմ դեռևս չկա։

 


Հայաստանի Հանրապետության համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել որպես ցածր:

 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկել միջազգային համաճարակաբանական իրավիճակը և համագործակցել միջազգային գործընկերների հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ։