Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար հայկական արտադրողները և ձկնաբուծական ընկերությունները պետք է գրանցված լինեն ԵՄ առևտրի և փորձագիտական TRACES համակարգում։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ TRACES համակարգում գրանցվելու համար տնտեսավարողները պետք է դիմում ներկայացնեն ՍԱՏՄ՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով։
«Կարգի համաձայն՝ տնտեսավարողների դիմումները կուսումնասիրվեն հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո նրանց մոտ կիրականացվի ստուգում։ Տեսուչը կկազմի տեղեկանք՝ պահանջներին համապատասխանության վերաբերյալ, և եթե խախտումներ չարձանագրվեն, կազմակերպությունը կգրանցվի TRACES համակարգում», - նշել է Պետրոսյանը։
ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ եվրոպացի փորձագետներ կայցելեն Հայաստան՝ առաջին խմբաքանակի արտահանման գործընթացի հետ կապված բոլոր հարցերը պարզաբանելու նպատակով։
Պետրոսյանը նաև հայտնել է, որ ձկնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների շուրջ 97 տոկոսը պատրաստ է մուտք գործել ԵՄ շուկա։ Նրա գնահատմամբ՝ առաջին խմբաքանակի արտահանումից հետո կպարզվի, որ ընթացակարգն այնքան բարդ չէ, որքան կարող է թվալ։
Հիշեցնենք, որ կառավարության հուլիսի 16-ի նիստում ընդունվել է որոշման նախագիծ, որով սահմանվել է Եվրամիության երկրներ հայկական արտադրության ձկնամթերքի արտահանման ընթացակարգը։