Շոգի ալիքները Թունիսում լայնածավալ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ են դարձել։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, մասշտաբային բլեքաութը (հոսանքազրկումը) ընդգրկել է երկրի մայրաքաղաքի մի քանի շրջաններ։
Մասնավորապես, առանց էլեկտրականության է մնացել Berges du Lac 2 շրջանը, որտեղ տեղակայված են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։ Մի շարք շրջաններում դադարել են գործել նաև լուսացույցները։
Ականատեսների տվյալներով՝ STEG պետական էլեկտրագազային ընկերության գրասենյակներից մեկի մոտ հավաքվել են տասնյակ բնակիչներ, ովքեր բողոքում են էլեկտրաէներգիայի խափանումների դեմ, ինչը լուրջ վնաս է հասցնում փոքր բիզնեսին։
Նշենք, որ էքստրեմալ շոգը Թունիսում պահպանվում է հուլիսի 10-ից։ Անցած հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը հասել է 45–46 աստիճանի՝ գերազանցելով կլիմայական նորման 6–10 աստիճանով։ Իշխանությունները ներդրել են էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ռեժիմ։
STEG էլեկտրագազային ընկերության տվյալներով՝ շոգի երկրորդ ալիքի ֆոնին էլեկտրաէներգիայի սպառումն աճել է ավելի քան 30%-ով՝ սովորական մակարդակի համեմատ, ինչը հանգեցրել է զանգվածային անվերահսկելի անջատումների։