ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում կայացնել Հայաստանին զրկելու կազմակերպությունում ձայնի իրավունքից։
Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նրա խոսքով՝ Հայաստանը երկու տարուց ավելի է, ինչ չի վճարում անդամավճարները, ուստի լիովին հնարավոր է, որ հարցը քննարկվի և որոշում կայացվի ժամանակավորապես կասեցնել ՀՀ անդամակցությունը կազմակերպությանը, կամ, ավելի ճշգրիտ՝ զրկել քվեարկության իրավունքից, մինչև անդամավճարների վճարումը։
«Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, դրա որոշակի հոդվածով։ Այնպես որ, դա հնարավոր արդյունք է, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։
Պանկինը հիշեցրել է, որ Ռուսաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում և պատասխանատու է ամբողջ օրակարգի համար։
«Կլինի ՀԱՊԿ գագաթնաժողով, որին կնախորդի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև Անվտանգության խորհուրդների քարտուղարների եռակողմ հանդիպումը։ Հայկական հարցը գուցե ամենակարևորը չէ, բայց կարող է ամենահետաքրքիրը լինել հանրության համար, քանի որ ՀԱՊԿ-ը համագործակցության, համատեղ խնդիրների և նպատակների մասին է»,- նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Հարցին՝ արդյոք այս հարցը կքննարկվի՞ հաջորդ շաբաթվա միջոցառումների ժամանակ, Պանկինը դրական պատասխան է տվել, նշել, որ կարող է քննարկվել, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք մյուս բոլորը համաձա՞յն են այն քննարկել, թե՝ ոչ: