Գագիկ Խաչատրյանի փաստաբանը հավաստիացնում է, որ 20 մլրդ կաշառքի գործով անցնող նախկին պաշտոնյան ունի «Հայաստանում չբուժվող հիվանդություն» և խոշտանգվում է դատարանի կողմից, քանի որ չի կարողանում գնալ արտասահման

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ. Խաչատրյանին վերագրված 9 դրվագ հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ ՀՀ դրամ: 
 
2020 թվականից սկսած Գագիկ Խաչատրյանը անցնում է դատական գործով։ ՀՀ մի շարք նախկին պաշտոնյաների պես, որոնք ևս անցնում են տարբեր դատական գործերով, Խաչատրյանը նույնպես ունի «Հայաստանում չբուժվող հիվանդություն», որի համար անհրաժեշտ է մեկնել արտասահման։

Այսօրվա դատական նիստում դատարանը թույլ չի տվել Գագիկ Խաչատրյանին բուժվել արտերկրում. Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դա խոշտանգում է որակում։ Պաշպանը պնդեց, որ Խաչատրյանը հիվանդության պատճառով չի կարողանում դատական նիստերին երկար նստել։
 
Մեղադրող կողմն էլ իր հերթին նշել է, որ 2020 թվականից հետո, երբ գործն ուղարկվել էր դատարան, Գագիկ Խաչատրյանը բազմիցս մասնակցել է նիստերին, ի վիճակի է եղել ժամերով նստել։
 
Հետաքրքիրն այն է, որ երկար տարիներ առողջական դժգոհություններ Խաչատրյանի կողմից չեն զգացվել, բայց արի ու տես, որ մարդիկ դատարանում հայտնվելով՝ լուրջ հիվանդություններ են «ձեռք բերում»։  Եթե Երեմ Սարգսյանը կարծում է, որ արտասահման մեկնելու արգելքը մեծահարուստ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ խոշտանգում է, ապա ինչպես է նա պատկերացնում այն բազմաթիվ մարդկանց վիճակը, որոնք ունենալով լուրջ առողջական խնդիրներ,  չունեն հնարավորություն հայաստանյան հիվանդանոցներում բուժվելու համար։ 
 
Դավիթ Լևոնյան