Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ և նրան պարգևատրել «Ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։
Ուկրաինայի նախագահի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղությանն ուղղված դիվանագիտական ջանքերի ակտիվացմանը, ռազմաճակատում տիրող իրավիճակին և երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացմանը։
Զելենսկին նշել է, որ ակնկալում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճ և շնորհակալություն հայտնել Ֆիդանին այցի, համագործակցության ու խաղաղության հաստատմանն ուղղված համատեղ աշխատանքի համար։
Իր հերթին, Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Կիև կատարած այցը շատ արդյունավետ է եղել։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի խորհրդարանի կողմից ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացումը կարևոր քայլ է, որը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների գործարարների համար և տնտեսական համագործակցությունը կհասցնի նոր մակարդակի։
Թուրքիայի արտգործնախարարը նաև վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ աջակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների անցկացման նախաձեռնություններին։