Տոկաևը կոչ է արել սառեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Օմսկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հանդես է եկել Ուկրաինայում պատերազմի հնարավորինս շուտ դադարեցնելու օգտին՝ նշելով, որ դրա շարունակումը ձեռնտու է միայն՝ «ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ուկրաինական պետության հակառակորդներին»։


Թե ում նկատի ունի, Տոկաևը չի հստակեցրել։


«Իհարկե, ցավալի է, որ երիտասարդներ են զոհվում, իսկ նրանք եղբայրական ժողովուրդների գենոֆոնդն են», ասել է Տոկաևը, հավելելով. «Այս ամենը պետք է դադարեցնել։ Այս հակամարտության բնույթը շատերի, այդ թվում՝ մեզ համար, հասկանալի չէ... Դժվար է այն հասկանալ», նշել է նա։


Ղազախստանի նախագահը կարծիք է հայտնել է, որ հակամարտությունը կարելի է սառեցնել, ինչպես ինքն է ձևակերպել՝ «Ստամբուլյան պայմանավորվածությունների» հիման վրա։


Ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է այն առաջարկներին, որոնք քննարկվել էին Ստամբուլում 2022-ին։ Տոկաևը նշել է, որ երաշխիքները պետք է տրամադրեն «մեծ տերությունները», այդ թվում՝ Ռուսաստանը։


Տոկաևի խոսքով՝ վերջին շրջանում Ուկրաինայում պատերազմի թեմայով շփվել է Եվրոպայի, ԱՄՆ-ի և այլ երկրների ներկայացուցիչների հետ, և այդ քննարկումների արդյունքներով որոշել է հրապարակել իր դիտարկումները։


Պուտինը, ռուսական գործակալությունների փոխանցմամբ, ի պատասխան խոստացել է «մանրամասն տեղեկացնել Տոկաևին ճակատում ստեղծված իրավիճակի մասին»։


Երկու նախագահները մասնակցում են Ռուսաստանի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության XXII համաժողովին, որն այս տարի անցկացվում է Օմսկում։


Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր Ղազախստանը հայտարարում է իր չեզոքության մասին, սակայն միաժամանակ երկիրը Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների հետ ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ է։


Ուկրաինայի զինված ուժերը մի քանի անգամ հարվածել են Ռուսաստանի տարածքում գտնվող Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի օբյեկտներին։ Այս միջազգային նախագիծն օգտագործվում է ղազախական նավթի փոխադրման համար։ Վերջին նման հարվածը մի քանի օր առաջ էր։


Ղազախստանի ԱԳՆ-ն այդ հարձակումներն անվանել էր՝ «երկրի տնտեսական շահերի նկատմամբ անթույլատրելի ոտնձգություն»։


Միաժամանակ Կիևում ընդգծել էին, որ հարվածներն ուղղված չեն Ղազախստանի դեմ, այլ նպատակ ունեն թուլացնել ՌԴ-ն։