Հայ ըմբիշները Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը մեկնարկեցին երեք հաղթանակով

Հայ մարզիկները երեք հաղթանակ են տարել Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության մեկնարկային գոտեմարտերում։


Մինչև 65 կգ քաշային կարգում Վազգեն Մնացականյանը 7։4 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցչին։ Լարված գոտեմարտի ելքը հայ ըմբիշը վճռել է վերջին վայրկյաններին՝ վաստակելով հաղթական չորս միավոր։


Գեղամ Եղիազարյանը նույնպես հաջող է մեկնարկել մրցաշարում։ Նա ժամանակից շուտ՝ 9։0 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշ Իլյա Վանժուլին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։


Մինչև 17 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն Վահե Հովեյանը, որը հանդես է գալիս մինչև 80 կգ քաշային կարգում, մեկնարկել է վրացի Լուկա Բուիգլիշվիլիի նկատմամբ հաղթանակով։ Գոտեմարտն ավարտվել է 1։1 հաշվով, սակայն հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին՝ առաջին միավորը վաստակելու չափանիշով։ Հովեյանը նույնպես դուրս է եկել 1/8 եզրափակիչ։


Այսօր Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան նաև Արարատ Ավետիսյանը՝ 48 կգ քաշային կարգում, և Խաչիկ Խաչատրյանը՝ 110 կգ քաշային կարգում։


Մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Հունահռոմեական ըմբշամարտի մրցումները մեկնարկել են հուլիսի 27-ին։