Ռուսական էստրադայի աստղ Ալլա Պուգաչովան ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ մասնակցել է Յուրմալայում անցկացվող «Հանդիպում» փառատոնին՝ հանրության առջև հայտնվելով երկարատև դադարից հետո։
Երգչուհու ներկայությունը դիտարկվել է որպես պատասխան վերջին ամիսներին շրջանառվող այն լուրերին, թե նա վատառողջ է և անկողնուն գամված։
Փառատոնի ընթացքում Պուգաչովան առաջին անգամ խոսել է իր առողջական խնդիրների մասին՝ բացահայտելով, որ մի քանի ամիս առաջ ստացել էր կոնքի կոտրվածք, որի հետևանքով շուրջ չորս ամիս չէր կարողանում շարժվել։
«Չորս ամիս անշարժացած էի կոնքի կոտրվածքի պատճառով։ Շատ դժվար էր։ Հետո ինչ-որ մեկը եկավ և ասաց, որ ամեն ինչ կախված է ինձնից։ Ես դանդաղ սկսեցի նորից ոտքի կանգնել։ Չնայած ցավին՝ սկսեցի քայլել ձեռնափայտով։ Հիմա էլ դեռ ցավում է, բայց դանդաղ քայլում եմ»,– ասել է երգչուհին։
Պուգաչովան խոստովանել է, որ վերականգնման ընթացքում ամենաշատը վախենում էր, թե կարող է կաթվածահար մնալ կամ հաշմանդամություն ձեռք բերել։ Նրա խոսքով՝ այդ մտավախությունները հաղթահարել է կամքի ուժի և աստիճանական վերականգնման շնորհիվ։