«Տվել ենք, որ տաք․ «Ուժեղների» հաշվարկված բարեգործությունը

 «Ուժեղ Հայաստան»  կուսակցությունը որոշել է «մի ոտ շուտ» նախապատրաստվել աշնանը հանրապետության ավելի քան 4  տասնյակ համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ ապավինելով իր սիրելի, փորձված մեթոդին՝ նախընտրական բարեգործությանը, նույնն է թե՝ ավանսով ընտրակաշառքին։ Երևի կհիշեք, որ մեկ տարի առաջ այս օրերին դեռևս «Մեր ձևով» անունով շարժումը զբաղված էր բարեգործական զանազան ակցիաներ իրականացնելով՝ դպրոցականներին պայուսակ ու գրենական պիտույքներ նվիրելուց մինչև հաշմանդամություն ունեցող երեխաների հետ մուլտֆիլմի դիտում և քաղաքի օրվա հետ կապված միջոցառում ու ամանորյա զարդարանքներ հայրաքաղաք Գյումրիում։ Լավագույն ավանդույթները, բայց  իրենց էն շուստրի ձևերով, ուժեղները շարունակում են նաև այսօր։ 


Ընտրակաշա՞ռք, նախընտրակա՞ն, դա վի չտո՞, գոլուբչիկի, բոժե ուպասի, լկտի սուտ է և քստմնելի զրպարտություն՝ վստահաբար կարձագանքեին ուժեղներն ու երևի նաև խաչակնքեին՝ այսպիսով համոզելու՝ Աստծու սիրուն, ինչ անում են, անկեղծ, մաքուր սրտով են անում, ոչ մի քաղաքական հետին միտք ու ակնկալիք։ «Աստված», «միտք» ասացինք՝ հիշեցինք աստվածաշնչյան հայտնի միտքը. «Երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես»: Ասել կուզի՝ եթե բարեգործություն ես անում, ապա դրա մասին մի ճչա, մի աղմկիր այդ մասին, մի գովազդիր այն, այսպիսով մի նվաստացրու կարիքավորի արժանապատվությունը, եթե, իհարկե, միտքդ ծուռ չէ, չես ակնկալում, որ այսօր ձախով տալիս ես, որ վաղը աջով վերադարձվի տվածդ՝ ծրարում դրված քո անունով քվեաթերթիկի տեսքով։ Փույթ չէ, որ Հայրը երկնքից տեսնում է ամեն բան ու դատում երկրի վրա։


Ինչևէ։ Քանի որ ՏԻՄ ընտրությունների բուն քվեարկության օրվան՝ «բերքահավաքին», դեռ մի քանի ամիս կա, արդ, եկեք տեսնենք, թե այս ընթացքում բարեգործական ինչպիսի մինի ծրագրեր է իրականացրել «Ուժեղ Հայաստան»-ը դրա ղեկավարի հայրենի եզերքում և, որ ոչ պակաս կարևոր է, բարեգործության, ողորմածության ինչ խոստումներ տվել։ Իհարկե, ուժեղներն իրենց բարեգործությունը փաթեթավորում են որպես նախքան ընտրությունները իրենց համակիրներին տված խոստումների իրականացում, մի քիչ էլ լալահառաչություն հաղորդում՝ «տարիներով անտեսված խնդիրների լուծում», սակայն միևնույն է՝ դրանից գործողության քողարկված միտումը՝ նախընտրական կաշառք, չի անէանում։


Հունիսի 7-ի ընտրություններից հետո, իրականում՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, ուժեղների ֆիլանտրոպական  առաջին արշավանքը Նիզամի համայնքում էր։ Այսօր արդեն պատգամավորի մանդատով զինված Նարեկ Կարապետյանը, զինված թուղթ ու գրիչով, Չեշիրյան կատվի ժպիտով, ինքզինքը  դնելով մեծն մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի տեղը՝ իր փոքրիկ խմբակի հետ շրջում էր համայնքում, զրուցում բնակիչների հետ՝ հարցնելով, թե ինչի վրա «շեշտը դնենք, որ գոհ լինեք»։ Չգիտենք՝ հարցուփորձի արդյունքում ինչի վրա են պատրաստվում ուժեղները դնել իրենց իմացած շեշտը,  բայց որ այդ համայնք իրենց այցի մասին պատմող տեսագրության մեջ ակամա շեշտել էին իրենց  այցի նախընտրական նպատակը՝ դա հաստատ։ Համայնքի բնակիչներից մեկը, խոսելով «գյուղացու մեռած, բայց թաղած չլինելուց», հընթացս հաճոյացել էր «բռնված, բայց չնստած, ավելի ճիշտ՝ Մոնումենտի իր շքեղ առանձնատանը նստած» Սամվել Կարապետյանին, թե՝ «էսօր ով որ բարիք ա ստեղծում, նրան են բռնում, տանում բերդ, հաջողություն ձեզ, մեզ էլ՝ հաղթանակ»։ Մարդասեր ու բարեգործ ուժեղները չէին զլացել նաև օգտագործել այս երեխայի էմոցիոնալ պոռթկումը՝այն ևս ծառայեցնելով իրենց «փիառ»-ին։


Նիզամիից, արդ, շարժվենք մոտ 150 կիլոմետր դեպի հյուսիս ու հասնենք Լոռու մարզ՝ Ստեփանավան և հարակից համայնքներ, որտեղ ևս անցած օրերին իր բարեգործա-լուսավորչական այցն է կատարել Նարեկ Կարապետյանն իր ուժեղ առաքյալների հետ։ Գյուլագարակ, Կուրթան և Գարգառ համայնքի բնակիչների հետ ունեցած «կնիկ-երեխա-գործ-քեֆ- հալ» ֆորմատի զրույցի «իտոգում» էս մեր ուժեղները որոշել էին տեղացիներին նվիրել «ավտամաբի՜լ»՝ գյուղտեխնիկա՝  կոմբայնի տեսքով։ Կարապետյանենք մի ռոլիկ էլ այս թեմայով են նկարահանել ու սփռել համայն ֆեյսբուքում, որտեղ Նանսենը, ներողություն՝ Նարեկը Կարապետյան, ցուցադրում է մի աժդահա մեքենա, նույն ինքը՝ գեղեցկուհի կոմբայնը։ Դատելով կադրերից՝ կոմբայնը գնվել է Հայաստանում քաղաքական բարեգործության Նոյ, տուկի թելը որպես նախընտրական կառաշք ներդրած, այժմ կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանին ու նրա որդուն՝ Նվեր  Ծառուկյանին պատկանող հայ-բելառուսական խանութից։ Ի դեպ, Նվեր Ծառուկյանը հետախուզվում է ՀՀ իրավապահների կողմից և, ըստ վերջին տվյալների, գտնվում է գյուղտեխնիկայի արտադրության «գեղեցկագույն  ավանդույթներ» ունեցող Բելառուսում։ Ինչևէ, թողնենք Ծառուկյաններին՝ մասնավորապես բազմազավակ հայր Գագիկ Ծառուկյանին, վերադառնանք Կարապետյաններին ու նրանց բարեգործական մյուս ակտերին։ ՀՀ-ում բազմազավակությանը զարկ տալու իրենց նախընտրական խոստումը «ուժեղները» որոշել են կյանքի կոչել մասնավորապես այն համայնքներում, որտեղ ամենաշատ քվեներն են ստացել։ Եվ ուրեմն, Լոռու Ստեփանավանի, Տաշիրի ու Գյուլագարակի տարածաշրջանում ընտանիքներում ծնված ամեն 5-րդ երեխայի դեպքում ընտանիքը նվեր է ստանում՝ բնակարան համայնքում, մայրիկի անունով։ Հայրիկի անունով չէ, երեխայի անունով չէ, այլ՝ մայրիկի, եղա՞վ։  


Հունիսի 7-ին «ուժեղների» օգտին ամենաշատ քվեները տված  համայնքների բնակիչները չէին հասցրել ուշքի գալ բարեգործության վերոնկարագրյալ  ուժեղ դոզայից, և հանկարծ նրանց ներարկվեց նոր դոզա՝ «կատարվել է Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը»։  «Այսօրվանից գործում է անվճար տրանսպորտային միջոց, որը փոխադրումներ է իրականացնելու Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից դեպի մի քանի համայնքներ», –ավետել են «Ուժեղ Հայաստան»-ից։ Հուսանք՝ նշված տրանսպորտային միջոցը էն կարմիր գեղեցկուհին չէ՝ կոմբայնը, էլի։ Լոռու որոշ համայնքների նկատմամբ այս «ընտրովի  սերն ու խանդաղատանքը»,  երևի գլխի ընկաք, մեկ հանգամանքով է պայմանավորված՝ այդ համայնքներում ՈՒՀԿ-ն ամենաբարձր տոկոսներն է ստացել ու հիմա զբաղված է տոկոսները փոխհատուցելով։ Ի դեպ, տպավորություն է, որ ուժեղները  յուրացրել են «Քաղաքացիական պայմանագրի»՝ 2023 թՏԻՄ ընտրությունների կարգախոսն ու «իրենց ձևով» սարքել։ ՔՊ-ն ազդարարում էր՝ «ասեք, կանենք», ուժեղներն էլ ասում են՝ «տվել ենք, տվել եք, տալիս ենք» (վատ բան չմտածեք հանկարծ, ընտրակաշառքի մոմենտը նկատի չունենք)՝ ձեռքի հետ էլ մուղամով հասկացնում՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ էլ որ տանք, կտաք, չէ՞, որ հետո էլի տանք՝ դե կոմբայն ա, տուն ա, անվճար տրանսպորտ ա, բան ա․․․․  

Հա, որպես վերջաբան, մի դիտարկում՝ հայրենի եզերքի ձոր ու դաշտերն ընկած  Նարեկ Կարապետյանը որդին է այն գործչի, որը երկար տարիներ եղել է կառավարող ուժի՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչ, եղել պատգամավոր, պաշտոնի բերումով՝ տեղյակ եղել ՀՀ մարզերի դարդ ու ցավերին։ Կրտսեր Կարապետյանը  տեսնես երբևէ առիթ ունեցե՞լ է հարցնելու  իր հորը և կամ նրա կուսղեկ Սերժ Սարգսյանին, թե ինչու իրենց իշխանության տարիներին Լոռու մարզում առկա «տարիներով կուտակված» խնդիրները չէին գույքագրվում ու դրանց լուծում չէր տրվում։ Ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի տվյալներով՝ Լոռու մարզը երկրորդ ամենաաղքատ մարզն էր՝ Շիրակից հետո. 35.8%-ն  աղքատ էր, 2.7%-ը՝ ծայրահեղ աղքատ։ Ֆորբսի ցուցակում ներառված Սամվել Տաշիրցու ծննդավայր Լոռին 35-տոկոսանոց աղքատության մեջ էր ապրում, պատկերացնո՞ւմ եք։ Խելագարվելու բան չէ՞։  Բայց Լոռեցի Սամոն իմացել ու, ի տարբերություն Թումանյանի կերտած Լոռեցի Սաքոյի, չի խելագարվել։


Հեղինե Մանուկյան