Պարզվել է՝ քաղաքացին հանկարծամահ չի եղել. տղամարդը վեճի ժամանակ սպանել է նրան, ապա զանգահարել շտապ օգնություն

2026 թվականի հուլիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրն ուշագնացության ահազանգով դեպքի վայր մեկնած շտապօգնության խումբն արձանագրել է Ն.Ռ.-ի մահը։Այս մասին հայտնում են ՔԿ-ից:


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ծավալուն քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ սպանություն:


Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի 4-րդ շենքում գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում տղամարդը հարվածներ հասցնելով սպանել է տուժողին, ապա ահազանգել է շտապօգնություն և հայտնել, թե իբր տուժողն ուշագնաց է եղել: 


Դատաբժշկական փորձագետի կողմից տրված նախնական ախտորոշման համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել գլխի, պարանոցի, կրծքավանդակի փակ, բութ վնասվածքների հետևանքով զարգացած շոկից:


Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ ենթադրյալ հանցանք կատարած անձի նկատմամբ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:


Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: