Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդիպում չի ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Վաշինգտոնում նրանց գտնվելու ընթացքում: Այս մասին հայտնում է Haaretz թերթը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ կողմերը տարբեր կերպ են նկարագրում չկայացած բանակցությունների հանգամանքները: Աղբյուրներից մեկը պնդում է, որ Զելենսկու գրասենյակը դիմել է Իսրայելի վարչապետի աշխատակազմ՝ հանդիպում կազմակերպելու առաջարկով, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել: Միևնույն ժամանակ Haaretz-ի ուկրաինացի զրուցակիցը հայտարարել է, որ նախաձեռնությունը իբր բխել է իսրայելական կողմից, սակայն Կիևի համաձայնությունից հետո հետագա արձագանք չի հետևել:
Ինչպես նշում է թերթը, միայն հուլիսի 28-ին Իսրայելի ներկայացուցիչները հայտնել են, որ Նեթանյահուն չի կարող հանդիպել Զելենսկու հետ խիտ ժամանակացույցի պատճառով:
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանն առանձին-առանձին ընդունել է Նեթանյահուին և Զելենսկուն: Ավելի ուշ երկու քաղաքական գործիչներն էլ ներկա են գտնվել սենատոր Լինդսի Գրեհեմի հրաժեշտի արարողությանը, որտեղ, Haaretz-ի տեղեկություններով, փոխանակվել են ընդամենը մի քանի կարճ ռեպլիկով:
Իսրայելի վարչապետի աշխատակազմում հրաժարվել են մեկնաբանել հրապարակումը:
Պարբերականի տվյալներով՝ Նեթանյահուի և Զելենսկու վերջին անձնական հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: