Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ավարտել է ավելի քան հինգ տարվա գործունեությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում և առաջիկայում կստանձնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։


Արայիկ Հարությունյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։


«Այսօր ավարտվեց ավելի քան 5 տարվա գործունեությունս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Ինչպես արդեն ասել եմ՝ սա հսկայական փորձառություն էր ինձ համար, ամբողջ գիտելիքս ու հմտություններս ծառայեցրել եմ Հայաստանի Հանրապետությանը:


Շնորհակալ եմ այս հնարավորության համար վարչապետ Նիկոլ Փաշինյանին. համատեղ հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ՝ ամրապնդելով մեր պետականությունը, ինչի համար շատ հպարտ եմ:


2018-2021թթ.-ին Ազգային ժողովի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ գումարումներում երեք անգամ ընտրվել եմ պատգամավոր, սակայն հրաժարվել եմ մանդատից՝ պաշտոններ զբաղեցնելով գործադիրում:


Հիմա գնում եմ ԱԺ՝ դառնալու #ՔոՊատգամավորը:


Իմ գործընկերների հետ կապացուցենք, որ խորհրդարանական երկրում սա կարևորագույն ինստիտուտ է: Իմ ջանքերն ու կարողություններն ուղղելու եմ այդ նպատակին:


Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Հայաստանի Հանրապետության հարատևությունն այլևս փաստ է»,- նշված է գրառման մեջ։