Ղրղզստանն ու Ուզբեկստանը սկսել են երկու գյուղերի պաշտոնական փոխանցման գործընթացը

Ղրղզստանն ու Ուզբեկստանը սկսել են Չոն-Գարա և Տաշ-Դոբո գյուղերի՝ Ղրղզստանին պաշտոնական փոխանցման կազմակերպչատեխնիկական աշխատանքները։ Այդ մասին հայտնել է Բատկենի մարզում Ղրղզստանի նախագահի լիազոր ներկայացուցչությունը։


Օգոստոսի 3-ից գյուղերում աշխատանք են սկսել երկու երկրների համատեղ աշխատանքային խումբը։ Մասնագետները հաշվառում են բնակիչներին և պարզաբանում հետագա փաստաթղթավորման ընթացակարգը։


Գործընթացն իրականացվում է ղրղզա-ուզբեկական պետական սահմանի դեմարկացիայի և հողատարածքների փոխանակման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում։


Համատեղ աշխատանքային հանձնաժողովի հերթական նիստը հուլիսի 24-ին անցկացվել է Ղրղզստանի Բատկենի մարզի Կադամջայի շրջանում։ Կողմերը քննարկել են փոխանցվող տարածքների բնակիչների քաղաքացիական կարգավիճակի, գույքային իրավունքների, տնտեսական գործունեության, ինչպես նաև հնարավոր վերաբնակեցմանն առնչվող կազմակերպչական հարցերը։


Չոն-Գարա և Տաշ-Դոբո գյուղերում հիմնականում բնակվում են էթնիկ ղրղզներ։ Նախնական տվյալներով՝ երկու բնակավայրերի ընդհանուր բնակչությունը կազմում է շուրջ 2,5 հազար մարդ։ Հաշվառման ավարտից հետո կսկսվի օրենսդրությամբ նախատեսված՝ բնակիչներին Ղրղզստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը։


Սահմանային համաձայնությունների համաձայն՝ դրա դիմաց Ղրղզստանը Ուզբեկստանին կփոխանցի համարժեք մակերեսով այլ հողատարածքներ։