Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և
աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գնել Սանոսյանին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին՝ նախարարի պաշտոնում կատարած
արդյունավետ աշխատանքի համար և նշել. «Իհարկե, նաև այդ աշխատանքի արտահայտությունն է, որ պարոն
Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ և իր գործունեությունը շարունակելու է այդ կարգավիճակով: Եվ, իհարկե,
այս բերումով շարունակելու է ուղիղ առնչություն ունենալ ոլորտի հետ»:
Վարչապետը շնորհավորել է Գնել Սանոսյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով և շնորհակալություն
հայտնել Գեղարքունիքի մարզպետի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար:
Նշելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կառավարության ամենամեծ,
խոշոր օղակներից է և անդրադառնալով 2019թ. կառավարության կառուցվածքում իրականացված բարեփոխումներին՝
վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր բարեփոխումների նպատակը կառավարման համակարգն ավելի
արդյունավետ դարձնելն էր, որովհետև կարծում էինք, որ շատ նախարարություններում, գերատեսչություններում կա
գործառութային անարդյունավետություն և բեռնվածություն: Մեր նպատակադրումը հետևյալն էր, որ
նախարարությունների միավորման միջոցով հասնենք ավելի մեծ արդյունավետության՝ մարդկային ռեսուրսների,
ֆինանսների կառավարման և այդպես շարունակ»:
Վարչապետի խոսքով, այդ որոշումները պահի տակ կայացված որոշումներ չեն. «Իհարկե, ես չեմ ասում, որ այդ
որոշումները կատարյալ են, և այդտեղ լավարկման ինչ-որ գործընթացներ չեն կարող տեղի ունենալ: Բայց, ընդհանուր
առմամբ, կարծում եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ պետք է առաջ գնանք և հետ գնալու ճանապարհ չկա: Այն, ինչի
համար այդ գործընթացն սկսել ենք, պետք է ուղղակի իր լրումին հասցնել. մարդկային ռեսուրսի, ֆինանսական
ռեսուրսի, գործառութային արդյունավետության բարձրացումն է մեր ճանապարհը, և պետք է շարունակենք գնալ այդ
ճանապարհով»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սուրեն Պապիկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս երեք տարիների
ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնն իրեն վստահելու համար:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար, որովհետև երեք տարիների
ընթացքում նոր նախարարության ձևավորման ընթացքում համատեղ հսկայական աշխատանք ենք կատարել: Ունենք լավ
արդյունքներ, ունենք նաև որոշակի թերացումներ, որոնցից պիտի դասեր քաղենք»,-նշել է Սուրեն Պապիկյանը:
Նա հաջողություն է մաղթել Գնել Սանոսյանին պատասխանատու գործում: Նշելով, որ Տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարությունը երկրի ամենակարևոր հենասյուներից է, «և մեր գրեթե ամենակարևոր
արյունատար անոթներն անցնում են այս նախարարության համակարգման ներքո»՝ Սուրեն Պապիկյանն իր
պատրաստակամությունն է հայտնել ի պաշտոնե ամեն հարցում աջակից ու հենարան լինել: «Պարոն վարչապետ, Ձեր
թույլտվությամբ, կշարունակենք նախարարության զարգացման այն միտումները, որ մեր առջև դրել ենք, որպեսզի
կարողանանք երկրի ապագան օր առաջ ավելի լավը դարձնել»,-նշել է նա:
Գնել Սանոսյանն ընդգծել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հսկայական
դերակատարում ունի: Նրա խոսքով, նաև աշխատանքների ծավալը շատ է մեծացել՝ կապված հետպատերազմյան և այլ
իրավիճակներով: Ըստ Գնել Սանոսյանի, մյուս կողմից՝ Սուրեն Պապիկյանը շատ բարձր նշաձող է սահմանել,
անձնակազմը հսկայածավալ աշխատանք է արել, և գործընկերների հետ փորձելու են նախ այդ տեմպը պահել և նոր
առաջ եկած մարտահրավերներին դիմակայել ու լուծումներ տալ:
Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ այս ծանր, բարդ շրջանում նման բարձր պաշտոն
վստահելու համար և հավաստիացրել, որ ճանաչելով անձնակազմին ու աշխատանքի բերումով ոլորտին ծանոթ
լինելով, արագ կանցնեն աշխատանքային պրոցեսի և իրենց առջև դրված խնդիրները համատեղ կլուծեն: