Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (Երևան, Շերամի 13/3) իրականացված վերահսկողությունը փաստել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, այն է՝


 

- արտադրական շինության դասավորվածությունը չի բացառել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու հնարավորությունը, չի ապահովել պարենային հումքի,

 փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,


- արտադրամասի սենքի և ջեռոցի վերևի հատվածում օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ և բաց վիճակում, ինչը չի կանխում սննդամթերքի աղտոտման վտանգը,


- արտադրամասի պատերի որոշ հատվածներ վնասված են եղել, մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,


- առաստաղի մի մասը ապահով չի եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,


- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները վնասված են եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,


- սննդամթերքի հետ անմիջապես շփման մեջ գտնվող բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում։

 


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի ու հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: