Կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացու դիմում-բողոքի հիման վրա իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Ա․ Ա․ Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 22/15)։


Իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։ Մասնավորապես՝ սպառողին 10 լիտր վառելիք տրամադրելու դեպքում փաստացի տրամադրվել է 8․430 լիտր՝ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում։


Վերահսկողական գործողությունների արդյունքում հաստատվել է նաև տնտեսվարողի կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստը։


Հայտնաբերված խախտումների հիմքով իրականացվել է լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի կապարակնքում՝ մինչև խախտումների վերացումը։


Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ  և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։


Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։