Հայաստանում աշնանից կսկսվի նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրումը․ ինչ է փոխվելու

2026 թվականի աշնանից Հայաստանում կմեկնարկի նոր կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերի տպագրությունն ու տրամադրումը։ Փոփոխությունը կվերաբերի ոչ միայն կենսաչափական անձնագրերին և նույնականացման քարտերին, այլև անձը հաստատող այլ փաստաթղթերին, այդ թվում՝ փախստականների նույնականացման քարտերին, կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերին և կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթերին։


Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը։


Նոր անձնագիրն ու ID քարտը՝ նոր արժեքով


Դավթյանի տեղեկացմամբ՝ նոր կենսաչափական անձնագրի արժեքը կկազմի 28 650 դրամ։ Այն կտրամադրվի 10 տարի ժամկետով։


Նույնականացման քարտի արժեքը կկազմի 5 950 դրամ, իսկ դրա գործողության ժամկետը՝ 5 տարի։


Նոր նույնականացման քարտը ծնողի կամքով հնարավոր կլինի ստանալ նաև մինչև 16 տարեկան անչափահասների համար։ Միաժամանակ, նախատեսվում է, որ 16 տարեկանից անձը հաստատող նոր փաստաթուղթ ունենալը պարտադիր կլինի՝ համապատասխան օրենսդրական փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո։


Հին անձնագրերը պարտադիր փոխելու անհրաժեշտություն չի լինի


Նոր կենսաչափական փաստաթղթերի ներդրումը չի նշանակում, որ գործող հին նմուշի անձնագրերը քաղաքացիները պետք է անմիջապես փոխեն։


Գործող փաստաթուղթ ունեցող քաղաքացին կարող է շարունակել այն օգտագործել մինչև դրա ժամկետի ավարտը։ Միևնույն ժամանակ, ցանկության դեպքում հնարավոր կլինի հին անձնագիրը փոխարինել նոր կենսաչափականով նույնիսկ այն դեպքում, երբ հին փաստաթղթի գործողության ժամկետը դեռ չի ավարտվել։


2026 թվականի աշնանից պետությունը կդադարեցնի հին նմուշի անձնագրերի տպագրությունը։


Նոր փաստաթղթերը սովորական ընթացակարգով նախատեսվում է տրամադրել դիմում ներկայացնելուց 14 աշխատանքային օր անց։ Նախատեսվում են նաև արագացված ծառայություններ, որոնց պայմանների մասին կհայտարարվի լրացուցիչ։


Նույնականացման քարտերի պահանջարկն աճել է

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ նույնականացման քարտերի պահանջարկը վերջին շրջանում աճել է։ Դա, մասնավորապես, պայմանավորված է հայտարարագրման և էլեկտրոնային պայմանագրերի կիրառման պահանջներով։


2026 թվականի առաջին կիսամյակում տպագրվել է շուրջ 160 հազար նույնականացման քարտ։ Համեմատության համար՝ 2024 թվականին մոտավորապես նույնքան քարտ էր տպագրվել ամբողջ տարվա ընթացքում։


Հին նմուշի անձնագրերի տպագրության ծավալը 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել է մոտ 185 հազար։ 2025 թվականին այդ ցուցանիշը եղել է 174 հազար, իսկ 2024 թվականին՝ շուրջ 270 հազար։


Ծառայությունների մատուցման նոր ձևաչափ


Նոր համակարգի շրջանակում առաջին փուլում նախատեսվում է մասնավորի կողմից բացված 14 գրասենյակի գործարկում։

ՆԳՆ-ից ակնկալում են, որ նոր գրասենյակների և սպասարկման նոր ձևաչափի միջոցով կբարելավվի անձնագրային ծառայությունների որակը և քաղաքացիների սպասարկման պայմանները։


Կացության և քաղաքացիության գործընթացները կթվայնացվեն


Բարեփոխումները ներառում են նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության այլ գործընթացներ։


Նախատեսվում է, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակների տրամադրման գործընթացները կթվայնացվեն։


Իսկ 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է թվայնացնել քաղաքացիության համար դիմումների գործընթացը։ Նույն ամսաթվից ուժի մեջ կմտնի նաև բնակչության պետական ռեգիստրի բարեփոխման վերաբերյալ օրենքը։


ՆԳՆ-ի գնահատմամբ՝ 2027 թվականի սկզբից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տիրույթում գտնվող գործընթացների զգալի մասը կթվայնացվի կամ կենթարկվի համակարգային բարեփոխումների։