Գողություն՝ Երևանի «Ֆաբրիկա» ռեստորանից. կասկածյալի ինքնությունը հայտնի է

Օգոստոսի 2-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։


Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Սարյան 9 հասցեում գործող «Ֆաբրիկա» ռեստորանից գողություն է կատարվել։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Գևորգ Գ․-ն հայտնել է, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 05։00-ից մինչև 07։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Սարյան 9 հասցեում գործող «Ֆաբրիկա» ռեստորանի պատուհանը, ապօրինի կերպով մուտք է գործել ներս և դրամարկղից ու չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել գումար։


Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է 32-ամյա Վարազդատ Գ․-ն։


Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։