Կրկին թերլիցքավորում «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում․ տեսչականը զգուշացնում է սպառողներին

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ արձանագրել է թերլիցքավորում «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1):


Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ տնտեսավարողին պատկանող տասնյակից ավելի գազալցակայաններում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝


▪️ թերլիցքավորում,

▪️ չստուգաչափված չափիչ միջոցների օգտագործում,

▪️ կապարակնիքների ապօրինի հեռացում՝ խախտումների հայտնաբերումից հետո,

▪️ արագ արձագանքման QR կոդերի բացակայություն։


Վերջին ստուգմները ևս վկայում են, որ գազալցակայանը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի էական խախտումներով՝ թերլիցքավորմամբ։



«Կազմակերպության տնօրենին կրկին անգամ հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ։


Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։


Կրկին հորդորում ենք սպառողներին զերծ մնալ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից լիցքավորում իրականացնելուց՝ Ձեր իսկ շահերից ելնելով։


Տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը վառելիքի իրացման ոլորտում և օրենքով սահմանված կարգով արձագանքելու է յուրաքանչյուր այն դեպքին, երբ տնտեսավարողի գործողությունների հետևանքով խախտվում են սպառողների իրավունքները»,- հայտնում են տեսչական մարմնից։