Աննա Հակոբյանը ներկայացրել է ընտանեկան բռնության դեմ իր պայքարի առաջիկա քայլերը

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում Հայաստանի վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հրապարակել է ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված տեսանյութերի շարքի առաջին ամբողջական հոլովակը՝ ներկայացնելով խնդրի լուծմանն ուղղված իր մոտեցումն ու առաջիկա քայլերը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։


Տեսաուղերձում Աննա Հակոբյանն ընդգծում է, որ բռնության տարբեր դրսևորումները թաքցնող հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ, փոխադարձ սիրո և հարգանքի վրա հիմնված, ներդաշնակ ու անվտանգ ընտանիքի մոդելով։ Այդ ճանապարհին առաջին անհրաժեշտ քայլը, ըստ նրա, ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն քրեականացնելն է։


Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա հստակ, իրատեսական, գործուն և տուժողակենտրոն օրենսդրական ու իրավակիրառ մեխանիզմներ։