Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը Ռուսաստանի ներկայացուցչին է փոխանցել իր լուրջ մտահոգությունն ու վճռական բողոքը՝ ռուսական մեդիա և տեղեկատվական դաշտում Ադրբեջանի, ադրբեջանական ժողովրդի և երկրի ղեկավարության հասցեին վերջին շրջանում հնչած հայտարարությունների կապակցությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ մասնավորապես անդրադարձ է կատարվել օգոստոսի 13-ին «Մտընկալման մաքրություն» նախագծի շրջանակում հեռարձակված հաղորդման ընթացքում հնչած հայտարարություններին, որոնք Բաքվում գնահատել են որպես սադրիչ, վիրավորական և սպառնալիք պարունակող։
Ադրբեջանական կողմը նաև հիշեցրել է օգոստոսի 7-ին «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում հնչած պնդումների մասին, ըստ որոնց՝ Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացվել է որպես «Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում» ընդգրկված անձ։ Բացի այդ, դժգոհություն է հայտնվել օգոստոսի 9-ին YouTube-ում և օգոստոսի 16-ին «Սպաս» հեռուստաալիքով Ադրբեջանի ղեկավարության վերաբերյալ վիրավորական և սադրիչ նյութերի հրապարակման կապակցությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ անընդունելի է երկրի ներքին քաղաքական գործընթացներին միջամտելու հնարավորությունների քննարկումը, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդի և երկրի ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերի հնչեցումը։
Բաքուն նշել է, որ նման գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ ադրբեջանական կողմի նախկինում արված բազմաթիվ կոչերից և հարցը տարբեր քաղաքական մակարդակներում քննարկելուց հետո ևս նմանատիպ հռետորաբանությունը շարունակվում է՝ ավելի կոշտ ձևով։
Ադրբեջանական կողմը Ռուսաստանի ներկայացուցչին կրկին փոխանցել է իր ակնկալիքը՝ անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Ռուսաստանի տեղեկատվական և մեդիա դաշտում Ադրբեջանի նկատմամբ, իր գնահատմամբ, սադրիչ, սպառնալիք պարունակող և բռնություն քարոզող հռետորաբանությունը դադարեցնելու նպատակով։
Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը այս հայտարարությունների կապակցությամբ քրեական գործ էր հարուցել։