ՀՀ ոստիկանությունը չի տեղեկացվել ՌԴ-ում ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ձերբակալելու մասին՝ չնայած այդ մասին հաղորդում են ռուսական տելեգրամյան ալիքները
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունում Միհրան Պողոսյանին՝ Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալելու մասին տեղեկություն չունեն։

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ նախկին պետը գտնվում է հետախուզման մեջ։ Ռուսական տելեգրամյան ալիքները գրում են, որ նրան ձերբակալել են և պատրաստվում են արտահանձնել Հայաստան։ 

ՀՀ Գլխավոր դատախազությունից Civic.am-ին հայտնեցին, որ Պողոսյանին արտահանձնելու վերաբերյալ մեկնաբանություն չունեն, նորություններ լինելու դեպքում կտեղեկացնեն լրացուցիչ։

Ըստ նույն տելեգրամյան ալիքի՝ Պողոսյանին բերման են ենթարկել և այդ մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և մաքսանենգություն կատարելու գործի շրջանակներում։

Ամիսներ առաջ նրան պատկանող ընկերությունը, որը զբաղվում է Հայաստան բանանի ներկրմամբ, Հայաստան էր տեղափոխել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ։ Պողոսյանը հայտարարել էր, որ խմբաքանակը իրենք են հայտնաբերել իրենց բեռների մեջ և կապվել ԱԱԾ-ի հետ ու տեղեկացրել այդ մասին։ Ընկերության աշխատակիցը ձերբակալվել էր։

Վովա Հակոբյան