Միհրան Պողոսյանի առեղծվածային «ձերբակալությունը»․ Ինչ է պահանջել ՀՀ դատախազությունը բռնագանձել նախկին պաշտոնյայից
Ռուսական տելեգրամյան ալիքները այսօր հայտնել են, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, դատական ակտերի նախկին հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին ՌԴ իրավապահները ձերբակալել են։ Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրա մոտ եղել է փախստականի վկայական։ Չորս տարի ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող, գեներալ-մայորի կոչում ունեցող նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որն  անցնում է մի շարք քրեական գործերով, թեև ՌԴ-ում էր,  սակայն ՌԴ  Գլխավոր դատախազությունը մերժել էր նրան արտահանձնելու Հայաստանի դիմումը։ Պողոսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը civic.am-ին հայտնել է, որ որեւէ տեղեկություն չունի վերջինիս ձերբակալման մասին։

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունում և ՀՀ դատախազությունում Միհրան Պողոսյանին՝ Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալելու մասին տեղեկություն չունեն։

Այս տարվա  մայիսի կեսերին էլ հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Հայաստան մեկ տոննա թմրանյութ ներկրելու դեպք։ Հաղորդվեց մեկ անձի կալանավորման մասին, որը Միհրան Պողոսյանի հետ առնչվող «Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետն էր։ ԱԱԾ-ն քրեական հետապնդումը հարուցել էր  նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար։  Հարկ է նկատել, որ  հետախուզվող ՀՀԿ-ական նախկին պատգամավորը հերքել էր «Մրգենի» ընկերության կապը կոկաինի ներկրման հետ՝ պարզաբանելով, որ «Մրգենին» իր մտերիմի ընկերությունն է։ Մի քանի լրատվամիջոցների ուղարկած նամակում Միհրան Պողոսյանը պնդել է, թե ինքն անձամբ է զանգել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ու հայտնել, որ բանանի ներմուծմամբ զբաղվող ընկերության աշխատակիցները կոնտեյների մեջ ակնկալվող բանանի փոխարեն հայտնաբերել են անհայտ ծագման փոշենման զանգված։ «Տեղեկացրել եմ նաև, որ ընկերության տնօրենը փաստաբանական խմբի հետ միասին ԱԱԾ շենքի առջև է, և ցանկանում են հաղորդում տալ։ Մինչդեռ ԱԱԾ-ն խախտել է գաղտնիության և անձի պաշտպանության իրավունքը և գործողություններ է իրականացրել հենց այն մարդկանց նկատմամբ, ովքեր ահազանգել են այդ դեպքի մասին»,- գրել էր Պողոսյանը։ «Մրգենի» ընկերության 100 տոկոսի բաժնետերը Լևոն Աթաջանյանն է։ 

Նշենք նաև, որ նախքան ԱԱԾ-ի այս բացահայտումը  Իտալիայի ոստիկանությունն էր հայտարարել տեղի նավահանգստում հայտնաբերված 250 միլիոն եվրո արժողությամբ 2,7 տոննա կոկաինի մասին, որը  բանանի արկղերով Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում։ «Միհրան Պողոսյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (հինգ դրվագ), պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երկու դրվագ) և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ»:
 
Հավելենք, որ Միհրան Պողոսյանի և մի շարք այլ անձանց (կնոջ՝ Կարինե Հենրիկի Մխիթարյանի, դստեր՝ Լիա Միհրանի Պողոսյանի, ինչպես նաև Գագիկ Սամվելի Բադալյանի, Արթուր Ռուբենի Թադևոսյանի, Էդուարդ Կամոյի Հարությունյանի, Գոհար Վարդգեսի Նազարյանի, Անտոնիո Ռիկարդո Մերինոյի) պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը 2022-ից  Հակակոռուպցիոն դատարանում է։ Civic.am-ը datalex.am-ից տեղեկացավ, որ ս.թ. նոյեմբերի 2-ին դատարանը բավարարել էր հայցվորի ներկայացուցիչ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալի միջնորդությունը՝ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ներգրավելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ՝ որպես այդպիսիք մի շարք ՓԲԸ-ներ և ՍՊԸ-ներ են ներգրավվել, այդ թվում՝ «ՄՐԳԵՆԻ» ՍՊԸ-ն։  Իսկ նախքան այդ Դատարանն իր մեկ այլ՝ հոկտեմբերի 31-ին կայացրած  որոշմամբ արգելել էր Լևոն Բորիսի Աթաջանյանին «ՄՐԳԵՆԻ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը, արգելել էր «ՄՐԳԵՆԻ» ՍՊ ընկերությանը իրեն սեփականության իրավունքով պատկանող բոլոր անշարժ և շարժական գույքերի (բացառությամբ ընթացիկ ակտիվների՝ շրջանառու միջոցների), այդ թվում՝ իրավաբանական անձանց մասնակցությունների օտարման հետ կապված որևէ գործողության կատարումը: 

Բացի դրանից, իրավասու մարմինը ՀՀ հակակոռուպցիոն դատարան պահանջ էր ներկայացրել հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
  1. «ՉԱՅԽՈՆԱ 1» ՍՊ ընկերության (ք.Երևան, Կենտրոն, Հյուսիսային Պողոտա 3, 85/1) Լիա Պողոսյանի անվամբ գրանցված, փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 50 տոկոս բաժնեմասը:
  2. «ԱԿՈՒԱ» ՍՊ ընկերության Արթուր Թադևոսյանի անվամբ գրանցված, փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը:
  3. «ԿԵՉԱՌԻՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության (ք.Ծաղկաձոր) Էդուարդ Հարությունյանի անվամբ գրանցված, փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը:
  4. «ՖՐՈՒՏԻՄԷՔՍ» ՍՊ ընկերության Գոհար Նազարյանի անվամբ գրանցված, փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը:
  5. «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության Անտոնիո Ռիկարդո Մերինոյի անվամբ գրանցված, փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը:
  6. «ԲԱՆԱՆԵԿ» ՍՊ ընկերության Անտոնիո Ռիկարդո Մերինոյի անվամբ գրանցված, փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը:
Պահանջ է ներկայացվել նաև հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ներքոգրյալ ընկերությանը և ֆիզիկական անձին Միհրան Պողոսյանի կողմից նախկինում տրամադրված փոխառություններից ծագող պահանջի իրավունքը՝
  1. Գևորգ Ռաֆիկի Աֆանդյանին տրամադրված փոխառությունից մնացած 505.839.400 ՀՀ դրամի պահանջի իրավունքը (ներառյալ դատական վճռով սահմանված տույժ-տուգանքների գումարը):
  2. «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը տրամադրված փոխառությունից ծագող պահանջի իրավունքը՝ 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:
Հեղինե Մանուկյան