ՌԴ Պետդումայի խոսնակը հորդորում է Երևանին ԵՏՄ անդամներին «ազնվորեն ներկայացնել» հետագա քայլերի ծրագիրը

«Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի շարժվել եվրաինտեգրման ուղղությամբ, բայց այդ դեպքում չպետք է օգտվի ԵԱՏՄ-ի հնարավորություններից»:


Այս մասին հայտարարել է ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը «Վեստիին» տված հարցազրույցում։


Միաժամանակ, ՀՀ-ի դեմ անազնիվ քայլերի ուղին և կեղծ դաշնակցական քաղաքականություն որդեգրած ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին է «կոչ արել» դադարեցնել «կեղծ քաղաքականությունը» և ԵՏՄ անդամներին «ազնվորեն ներկայացնել» հետագա քայլերի ծրագիրը։


«Դա ինքնիշխան պետության իրավունքն է (ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդումը): Մեր երկիրը հարաբերությունները կառուցում է բարեկամության, փոխադարձության, երկակի ստանդարտների բացակայության, ինքնիշխան պետությունների գործերին չմիջամտելու և փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա: Ես կցանկանայի, որ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարեր, քանի որ եթե Հայաստանն օրենք է ընդունում Եվրամիությանը միանալու մտադրության մասին, ինչո՞ւ է օգտագործում ԵԱՏՄ-ի հնարավորությունները: Ինչո՞ւ եք խաբում դրա անդամներին: Դա ցինիկ է, դա սխալ է: Վերցրեք ու ասեք, որ գնում եք Եվրամիություն, գնացեք, բայց այդ դեպքում չպետք է այստեղ արտոնություններ ստանալ»,- հայտարարել է Վոլոդինը։


Ավելի վաղ էլ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել էին, որ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ դաշնակիցների հետ Եվրամիությանը միանալու նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: