Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրների ԱԳ նախարարների հաջորդ նիստի անցկացման վայրը պետք է որոշեն Ադրբեջանն ու Հայաստանը, Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:


Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։


«Այն հարցի շուրջ, թե որտեղ կկայանա «3+3»-ի մասնակից երկրների նախարարների հաջորդ նիստը, այժմ պետք է որոշում կայացնեն Բաքուն և Երևանը։ Պատրաստ ենք գործընկերներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»,- ասել է Կալուգինը։


Կալուգինը նաև հայտնել է ձևաչափի ներսում գործնական փոխգործակցության ընդլայնման մասին։


Մասնավորապես, հունիսին Սանկտպետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում մեկնարկել է «3+3»-ի փորձագիտական «ուղին», որին մասնակցել են քաղաքագետներ տարածաշրջանի բոլոր վեց երկրներից, այդ թվում՝ Վրաստանից։


«Հոկտեմբերին Մոսկվայում՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումի հարթակում, նախատեսվում է ձևաչափի շրջանակում առաջին հանդիպումը՝ էներգետիկ համագործակցության հարցերով», - հստակեցրել է դիվանագետը։