Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը շնորհավորում է Գիտելիքի օրվա կապակցությամբ և հիշեցնում ուսումնական գործընթացում անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին։
«Նոր ուսումնական տարին ենթադրում է նոր աշակերտների, ուսանողների, սաների մուտք դպրոցներ, մանկապարտեզներ, համալսարաններ ու այլ կրթօջախներ, ինչը նշանակում է անձնական տվյալների նոր սուբյեկտների ու նոր տվյալների շրջանակ։
Գործակալությունը մշտապես իր ուշադրության առանցքում է պահում հատկապես երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցերը, որոնց պատշաճ ապահովման համար ուսումնական հաստատություններում մշակել է մի շարք փաստաթղթեր ու ուղեցույցներ։
«Անձնական տվյալների մշակման իրավակարգավորումները ուսումնական հաստատություններում» ուսումնական ձեռնարկը նախատեսված է կրթական հաստատությունների, դպրոցների աշխատողների, ուսուցիչների համար։
Գործակալությունը մշակել և շրջանառել է նաև ուսումնական հաստատությունների կողմից երեխաների անձնական տվյալների մշակման վերաբերյալ ծնողներից (օրինական ներկայացուցիչներից) համաձայնության ստացման ձևանմուշ։
Ուսումնական գործընթացում անձնական տվյալների պաշտպանությունը ոչ միայն իրավական պահանջ է, այլև երեխաների ու սովորողների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի կարևոր բաղադրիչ։ Գործակալությունը հորդորում է կրթական հաստատություններին նոր ուսումնական տարվա ընթացքում ևս անձնական տվյալների ցանկացած մշակում իրականացնել օրինական, նպատակային և համաչափ ձևով։
Գործակալությունը պատրաստ է համագործակցել ուսումնական հաստատությունների հետ անձնական տվյալների պաշտպանության հարցերով ինչպես խորհրդատվական աջակցություն տրամադրելու, այնպես էլ իրազեկման և կրթական ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։