Արհեստական բանականությունը՝ քաղաքաշինության բնագավառում․ Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քննարկում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանի հետ։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից:



Հանդիպման ընթացքում քննարկվել են արհեստական բանականության (ԱԲ) գործիքակազմերի կիրառման հնարավորությունները՝ պետական կառույցների կողմից համակարգվող ոլորտների զարգացման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով։



Նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը ներկայացրել է նախարարության տեսլականը պետական նախագծերում բարձր արտադրողականությամբ ԱԲ հաշվարկային ռեսուրսների (GPU) կիրառման վերաբերյալ՝ անդրադառնալով ինչպես տեխնիկական, այնպես էլ մասնագիտական աջակցության տրամադրմանը։



Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ քաղաքաշինության բնագավառի թվայնացումը կոմիտեի առանցքային առաջնահերթություններից է, և ԲՏԱ նախարարության հետ համագործակցությունը որակապես նոր մակարդակի կբարձրացնի ոլորտային նախաձեռնությունները։



Այնուհետև կոմիտեի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը ներկայացրել է ոլորտում ԱԲ գործիքների կիրառման նախնական գաղափարներն ու թվայնացման ուղղությամբ արդեն իսկ իրականացված քայլերը։



Կողմերը կարևորել են ջանքերի մեկտեղումը նորարարական ծրագրերի արդյունավետ իրագործման համար։