ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային
կապերի և տեղեկատվության կենտրոնի «Օրբելի» վերլուծական կենտրոնը վաղ գարնանից իրականացնում
է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանրայնացնելուն և զարգացնելուն միտված
ծրագիր։ Դրա շրջանակներում այսօր տեղի ունեցավ
«Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. արհեստական բանականություն, անվտանգություն
և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում էին պետական կառավարման մարմինների,
փորձագիտական համայնքի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից
(ՌԴ, Հնդկաստան, Ղազախստան)։ Միջոցառումն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի
հետ համագործակցությամբ։
Հանրային կապերի և տեղեկատվական
կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ ՀՀ կառավարությունը անչափ
կարևորում է խաղաղության խաչմերուկի նախագիծը՝ իր բոլոր ասպեկտներով։
«Հատկապես ԹՐՒՓՓ համաձայնագրի
ստորագրումից հետո այս նախագիծն առավել առարկայական է դառնում՝ ՀՀ կառավարության, ինչպես նաև հայկական ընկերությունների, հատկապես ՏՏ ոլորտում
ընկերությունների ակտիվ քայլերի շնորհիվ։ Այս գաղափարը թղթից կարողանում ենք արդեն
վերածել իրական ներդրումների և իրական նախագծերի։ Եվ այսպիսի քննարկումները՝ փորձագիտական
ձևաչափով, փորձագիտական հարթության ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների և մասնավոր
ընկերությունների ներկայացուցիչների ներգրավմամբ, կարևոր է միասնական տեսլականի առավել
հստակեցման և կողմնորոշման իմաստով»,- ասաց Գոռ Ծառուկյանը։
««Խաղաղության խաչմերուկ»-ի և ընդհանրապես ենթակառուցվածքների
մասին խոսելիս հիմնականում անդրադառնում են երկաթուղուն և ավտոճանապարհներին, թերևս
դրանք ամենակարևոր բաղադրիչներն են։ Սակայն ենթակառուցվածքային մեծ ծրագրերը, մեծ նախաձեռնություններն
այսօրվա աշխարհում ուղեկցվում են և իրականացվում են նաև էներգետիկ համակարգերի ներդրմամբ,
դրանց զարգացմամբ և կատարելագործմամբ, թվային հաղորդակցության միջոցների ստեղծմամբ,
զարգացմամբ»,- ասաց «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
տեղակալ Գևորգ Մանթաշյանն իր խոսքում նույնպես կարևորեց միջազգային մասնակցությամբ
միջոցառման անցկացումը հենց Եվրասիայում և
հենց այս քննարկման՝ «խաղաղության խաչմերուկի» տրամաբանության ներքո, որտեղ հստակ է,
որ մեր կառավարության առաջնահերթություններից է տարածաշրջանի կոմունիկացիաների, հաղորդակցման
տարբեր ուղիների հասանելիության ավելացումը կամ ապաշրջափակումը, և մենք հիմա տեսնում
ենք այդ գործընթացի իրականացումը։
«Գործող գործընթացներում, երբ արհեստական բանականության
գործարաններ են ստեղծվում, այս տերմինը ավելի նոր է համարվում, դրանք ուղեղային կենտրոններն
են, որոնք հենց կենտրոնացված են արհեստական բանականության պրոցեսինգի վրա, և ուղիղ
կախվածություն ունեն հենց հոսանքի մատակարարումներից»,- ասաց Գևորգ Մանթաշյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության Էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանն
էլ իր խոսքում նշեց, որ ոլորտում կուտակված և կուտակվող խնդիրներին գալիս է օգնելու
այնպիսի լուրջ նախաձեռնություն, ինչպիսին է «խաղաղության խաչմերուկը», որը հնարավորություն
է տալիս բացելու մեր կապուղիները, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերով միանալու մեր
այն հարևաններին, որոնց հետ էներգետիկ առումով կապված չենք։
«Տեխնիկական առումով, որպես այդպիսին, մենք կապված
եղել ենք և այս պահին ուսումնասիրում ենք, թե ինչպիսի իրավիճակ ունենք, ինչ խնդիրներ
կան, ինչպես լուծենք դրանք։ Եվ այստեղ կարևոր է այն, որ մենք չափազանց փոքր համակարգ
ենք, ունենք փոքր սպառում, բայց ունենք նաև արտադրության մեծ ծավալներ, և լինում են
ժամանակահատվածներ, երբ չենք իմանում՝ այդ արտադրած էլեկտրաէներգիան ինչ անենք։ Եվ
սա մենք դիտարկում ենք որպես լուրջ հնարավորություն, որպեսզի բացելով կապուղիներ և
ենթակառուցվածքային առումով միանալով մեր մյուս հարևաններին՝ հասկանանք, թե մեր ունեցած
ավելցուկ էներգիան և այն էներգիան, որ մեզ անհրաժեշտ կլինի, որտեղից վերցնել և որտեղ
տալ»,- ասաց նա։
Միջոցառման ժամանակ ներկայացվեց նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի
պաշտոնական կայքը, որը նախագծել և գործարկել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։
Նորաբաց կայքում արդեն իսկ հրապարակված են մի շարք թեմատիկ հոդվածներ, հարցազրույցներ
և ինֆոգրաֆիկաներ։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան