Կմեկնարկի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունման գործընթացը․ ժամանակացույց

ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16:00-ին, ավարտվում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին:


Հեռակա ուսուցման ընդունելության համար պետք է dimord.am հարթակում լրացնել դիմում-հայտ:


Դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է՝


ա) ունենալ ԳԹԿ անձնական համար,


բ) ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ հաշվեհամարին (900018003401) փոխանցած 1500 դրամի անդորրագիր: Ներբուհական քննություն հանձնողները սահմանված 1500 դրամ վճարը փոխանցում են տվյալ բուհի հաշվեհամարին:


ԳԹԿ անձնական համար տրամադրում է այն բուհը, որտեղ դիմորդը ցանկանում է ուսումը շարունակել: Իսկ եթե դիմորդը մասնակցել է 2026 թվականի բուհերի առկա ընդունելության քննություններին, ապա կարող է օգտագործել այդ ժամանակահատվածում ԳԹԿ-ի տված անձնական համարը:


Ընդունելության քննությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները վարձավճարից ազատվում են:


Դիմորդները կարող են մրցույթին ներկայացնել միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատական(ներ)ը կամ հանձնել նոր քննություններ: Այս դեպքում մրցույթում կօգտագործվեն ավելի բարձր գնահատականները:


Դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։ Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ պետք է հայտագրի մասնագիտությունները և տվյալ մասնագիտության համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Դիմում-հայտերի առաջին տողով նշված մասնագիտությունն ունի գերակայություն:


Բուհ ընդունված դիմորդների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 30-ը: