Հայաստանի և Իրանի միջև «Պարզեցված մաքսային միջանցք» կգործարկվի

Հայաստանի և Իրանի միջև կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք». կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել համապատասխան արձանագրության ստորագրմանը։ Առաջարկը ստացվել է իրանական կողմից։


Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախաձեռնությունը միտված է դյուրացնելու ապրանքների տեղափոխման գործընթացները և ստեղծելու առավել բարենպաստ պայմաններ օրինապահ տնտեսվարողների համար։


Փաստաթղթով նախատեսվում է հայ-իրանական սահմանին ներդնել համակարգ, որի շրջանակում կողմերը մինչև ապրանքների և տրանսպորտային միջոցների մուտքը մյուս երկրի տարածք՝ էլեկտրոնային եղանակով կփոխանակեն տեղեկություններ բեռների, փոխադրամիջոցների և տնտեսվարող սուբյեկտների մասին։


Այս համակարգը կիրառվելու է կամավորության սկզբունքով՝ մաքսային օրենսդրության խախտման ցածր ռիսկայնություն ունեցող օրինապահ տնտեսվարողների նկատմամբ։ Պարզեցված ընթացակարգերը տարածվելու են բոլոր տեսակի ապրանքների և փոխադրամիջոցների վրա, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտի։


Նախաձեռնության հիմնական նպատակն է արագացնել մաքսային հսկողության ու ձևակերպումների ընթացակարգերը, կրճատել պահանջվող փաստաթղթերը և նվազեցնել սահմանին սպասելաժամանակը։


Պետական եկամուտների կոմիտեի գնահատմամբ՝ միջանցքի լիարժեք գործարկումը հնարավոր կլինի Մեղրիի սահմանային անցման կետի ընթացող արդիականացման և շինարարության ավարտից հետո։


Արձանագրության ստորագրումը բխում է Հայաստանի կառավարության 2021-2026-ի ծրագրից, որը նախատեսում է խորացնել տնտեսական համագործակցությունը Իրանի հետ, զարգացնել լոգիստիկ ենթակառուցվածքները և քայլեր ձեռնարկել «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ձևավորման ուղղությամբ։


Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկկողմանի առևտրում պահպանվում են բարձր ծավալներ, մասնավորապես՝ Իրանից ներմուծումը 2025-ին հասել է շուրջ 687 մլն դոլարի։


2024-ին այդ ցուցանիշը կազմել էր շուրջ 635,4 մլն դոլար։ 2026-ի առաջին եռամսյակի ընթացքում Իրանից ներմուծումն արդեն կազմել է շուրջ 157,2 մլն դոլար։