Հենց Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է որոշեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այնուամենայնիվ, վերջնականապես և ամենից առաջ այս խնդիրը պետք է լուծեն հակամարտությանը մասնակցող երկրները։ Այս մոտեցումը ճիշտ է։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումները շարունակվում են, մասնավորապես՝ հատուկ ծառայությունների մակարդակով։
Թե որքանով են դրանք հանգեցնում խաղաղության համաձայնության, այժմ դժվար է ասել՝ հաշվի առնելով Ուկրաինայի ղեկավարության վերջին հայտարարությունները։ Բայց շփումներն իրոք կան և ընթանում են բնականոն ռեժիմով»,- նշել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Մոսկվան կապեր է պահպանում նաև Վաշինգտոնի հետ։ Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը տրամադրված է կառուցողական աշխատանքի:
ՌԴ նախագահը նաև հավաստիացրել է, որ այսօր չկա որևէ սցենար, որը կպահանջեր զորահավաք անցկացնել Ռուսաստանում: Վերջին շաբաթներին Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, թե ըստ հետախուզական տվյալների՝ Ռուսաստանը սեպտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում է նոր զորահավաքի: