102-րդ ռազմաբազան Մոսկվայի վերջին խաղաքարտն է. Պուտինի շանտաժը չի աշխատի

«Եթե Հայաստանը գտնում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ, մենք հենց վաղը կգնանք, բայց Հայաստանը դրան պատրա՞ստ է։  Խնդրեմ, մենք որևէ մեկին որևէ բան չենք պարտադրի, իսկ եթե հայ ժողովուրդն ուզում է, որ այնտեղ իրենց կողքին մնա ինչ-որ ռուսական ռազմական թև, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք»։ Բիշքեկում մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինի այս հայտարարությունից հետո երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասաց, որ նման քննարկում չի եղել։


 «Մենք այս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված  ռուսական  102-րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել, և այնպես էլ չի, որ  մենք համարում ենք, թե 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է. եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան ՀՀ-ից, մենք չենք առարկի։ Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու՝ մենք պատրաստ ենք նաև դա քննարկել»,- ասել է վարչապետը։


Քաղաքագետ Գագիկ Քամալյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչու Ռուսաստանի նախագահը հենց հիմա որոշեց բարձրացնել ռազմաբազայի հարցը, երբ նման հարց անգամ Հայաստանը չի բարձրացնում։


Քաղաքագետը կարծում է, որ Պուտինը այդ հարցը բարձրացնում է, որովհետև դա վերջին խաղաքարտերից է, որի միջոցով ինքը կարող է ճնշել Հայաստանին։ Նրա խոսքով՝ Պուտինը, ինչպես նաև Ռուսաստանում ու Հայաստանում բավականին քաղաքական գործիչներ կարծում են, թե Հայաստանում ռուսական բազայի առկայությունը պաշտպանում է Հայաստանին թուրքական հնարավոր ագրեսիայից։


 «Իսկ Թուրքիայի այդ հնարավոր հարձակումը ինչ-որ հիպոթետիկ թեզ է։ Եկեք դիտարկենք, թե ներկա պահին Ռուսաստանն ինչպիսի ռազմաքաղաքական իրավիճակում է գտնվում, և արդյոք հիմա Ռուսաստանը, զուգահեռաբար Ուկրաինային, կարո՞ղ է երկրորդ ճակատ պատերազմի մեջ մտնել Թուրքիայի հետ։ Չի կարող, չէ՞։ Որովհետև Ռուսաստանը չի կարողանում իր տնտեսական ներկա պահի հնարավորություններով սպասարկել նույնիսկ ուկրաինական պատերազմը։ Այս երկարատև ձգվող պատերազմն օր օրի ջլատում է Ռուսաստանին, և Ռուսաստանը առնվազն վերջին ժամանակներում կարելի է ամենաթույլ Ռուսաստանը համարել»,- ասաց քաղաքագետը։


Գագիկ Քամալյանի խոսքով՝ Թուրքիան իրենից վտանգ ներկայացնում է, բայց Թուրքիային զսպող մեխանիզմներն ամենաքիչն են կապված ռուսական ռազմաբազայի առկայության հետ, կան միջազգային բազմաթիվ խաղացողներ, որոնց հետ Թուրքիան գտնվում է դաշնակցային հարաբերությունների մեջ, և երբ հայկական քաղաքական տիրույթում ոմանք նշում են, որ 90-ականների սկզբներին այդ ռուսական ռազմաբազան զսպել է, ինքն էլ դրան կհակադարձի հետևյալով «Այն ժամանակ Հայաստանի Անվտանգության ծառայության ղեկավար աշխատած անձանցից մեկն էլ՝ Դավիթ Շահնազարյանը, հակառակն է պնդում, որ Միացյալ Նահանգների անմիջական ճնշման ներքո է, որ Թուրքիան չի փորձել իրականացնել իր այդ ծրագիրը։ Եթե չեմ սխալվում, դա տեղի է ունեցել Լաչինի կամ Քելբաջարի գրավումից հետո, երբ Թուրքիան փորձել է ինքը երկրորդ ճակատ բացել։ Ասում են՝ այդպիսի խոսակցություններ են եղել։ Դրա իսկությունն էլ է պետք հասկանալ»։


Գագիկ Քամալյանը նաև նշեց, որ ինքը չի ասում, թե Ռուսաստանը չի ունեցել, չունի կամ չի ունենալու դերակատարում, բայց համարել, որ Ռուսաստանը այս տարածաշրջանում Հայաստանի գոյության  միակ երաշխավորն է, դա միֆական, մոլոր կարծիք է, որի արդյունքում հայ ժողովուրդը քաղաքականապես և մշակութապես տասնամյակներ շարունակ դեգրադացվում է։ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ունենալ հակադիր շահեր, կարող են ունենալ ընդհանուր շահեր, բայց Հայաստանն այդ ամենի մեջ չպետք է տեղավորվի և դառնա գործիք մեկի համար՝ ընդդեմ Թուրքիայի դա ունենալու է և ունեցել է կործանարար հետևանքներ հայ ժողովրդի համար։


Ի հավելումն նա նշեց, որ ռազմաբազայի հետ կապված Պուտինի այս շանտաժը երկար չի կարող տևել և չի ունենալու արդյունք, որովհետև այս Հայաստանը 2019 թվականի Հայաստանը չէ. անցնելով այդքան դժվարությունների միջով՝ այսօր Հայաստանը շատ ավելի դիմադրողականություն ունեցող պետություն է։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան