Նախարարի՝ ծորակից ջուր չխմելու մասին կոչն ուղղված է միայն Ծավ համայնքի բնակիչներին. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ երեկվանից ֆեյսբուքյան օգտատեր տարբեր խմբերում տարածում են նախարար Անահիտ Ավանեսյանի՝ Ծավի խմելու ջրի թեմայով գրառումից կիսատ, կոնտեքստից կտրված մի հատված, որը թյուրըմբռնման տեղիք է տալիս:


«Տպավորություն է ստեղծվում՝ կարծես նախարարը կոչ է անում բոլոր բնակիչներին ծորակից ջուր չօգտագործել, մինչդեռ նախարարի հորդորը վերաբերում է միմիայն Ծավ գյուղի բնակիչներին:


Նախարարի նկարն ու գրառումից կտրված հատվածն օգտագործելով ու ապատեղեկատվություն տարածելով՝ անհարկի անհանգստություն եք առաջացնում բնակչության շրջանում:


Խնդրում եմ ուշադիր եղեք, թե ինչ եք տարածում և ստուգեք պաշտոնական աղբյուրը»,- ասվում է  գրառման մեջ:


Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի պարունակության սահմանային թույլատրելի շեմի գերազանցում։


Հաշվի առնելով արդյունքները՝ իրականացվել են կրկնակի նմուշառումներ, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Մինչև ջրի որակի խնդրի կարգավորումը բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը՝ խմելու և կենցաղային նպատակներով:


ՀՀ առողջապահության նախարարը հորդորել է այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը: