Կոբախիձեն ողջունել է Հրվ. Կովկասում խաղաղության գործընթացը և ի հայտ եկող լրացուցիչ հնարավորությունները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցել է «Բազմակողմ գործընկերության գագաթնաժողովին», որն անցկացվել է անցյալ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի 81-րդ նստաշրջանի շրջանակներում։


Կոբախիձեն նշել է, որ Հարավային Կովկասը գտնվում է զգալի փոփոխությունների ժամանակաշրջանում, և, նրա խոսքով, այժմ ի հայտ են գալիս լրացուցիչ հնարավորություններ առևտրի, տրանսպորտային կապի և տնտեսական զարգացման ոլորտներում տարածաշրջանային համագործակցության համար։


Վրաստանի վարչապետը նաև ողջունել է հարևան երկրների միջև խաղաղության գործընթացում առաջընթացը և հայտարարել, որ Վրաստանը մտադիր է շարունակել հավատարիմ մնալ երկարաժամկետ խաղաղության ու կայունության հասնելուն ուղղված սկզբունքներին։


Կոբախիձեն անդրադարձել է նաև Վրաստանի տարածքի օկուպացիային. «Վրաստանի տարածքի 20%-ի շարունակվող օկուպացիան ազդում է տեղում ապրող մարդկանց կյանքի և իրավունքների վրա։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ներառյալ ապաօկուպացիային, հաշտեցմանը և հակամարտությունից տուժած մարդկանց միջև վստահության վերականգնմանը»։


Նա նաև ընդգծել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ միջազգային աջակցության կարևորությունը։