Հունիսի 7-ի խորհրդարանական թեժ ընտրություններով մեկնարկած ընտրական տարին խոստանում է ոչ պակաս թեժ լինել նաև ՏԻՄ-երում։ Առաջիկա երեք ամիսներին՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, ընտրություններ տեղի կունենան շուրջ 40 համայնքներում։ Համայնքների ճնշող մեծամասնությունում, որտեղ մասնավորապես հոկտեմբերի 25-ին նշանակվել են ընտրություններ, ընդդիմադիր հիմնական ուժերը՝ «Ուժեղ Հայաստան» (ՈՒՀԿ), ԲՀԿ, ՀՅԴ, «Միասնության թևեր», ՀՀԿ, թեկնածուներ չեն առաջադրել։ Հիշո՞ւմ եք՝ խորհրդարանական ընտրություններից հետո մասնավորապես «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի, խրոխտ ազդարարում էր, թե խորհրդարանական ընտրությունների միջոցով չստացված իշխանափոխությունը անպայման կյանքի են կոչելու ՏԻՄ ընտրությունների միջոցով՝ համայնք առ համայնք իշխանազրկելով, ինչպես կասեր «դասականը»՝ «կրելով» «Քաղաքացիական պայմանագրին»։ Բայց, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, «ուժեղների» ուժը հազիվ մեկ համայնքում առաջադրվելուն հերիքեց, այն էլ՝ Կարապետյանների հայրենի մարզի՝ Լոռու Ստեփանավան համայնքում։ Այս համայնքում, ի դեպ, թեժ պայքար է սպասվում՝ համայնքապետի պաշտոնի համար կպայքարեն 5 ուժեր՝ «Հայրենիք», ՔՊ, Գործարար կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն ու իհարկե․․․ «Ուժեղ Հայաստան»։ Ի՞նչն է խնդիրն, արդ, որ խոշոր մի շարք համայնքներում ՔՊ-ին տեղական մակարդակում իշխանազրկելու կուրսի մասին հայտարարած «Ուժեղ Հայաստան»-ը որոշեց «փաս» հայտարարել՝ արժանի թեկնածունե՞ր չգտնվեցին, թե՞ գցեցին-բռնեցին ու եկան եզրակացության, որ երկրորդ անգամ չեն կարող մտնել «խայտառակության գետը» և, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ընտրակաշառքի միջոցով քվեներ առնել։ Կբռնվեն՝ դրանից բխող իրավական հետևանքներով։ Փաստորեն, ուժեղների խոստացած «Ուժեղ Հայաստան լինելու է»-ն, որը մանտրայի պես անընդհատ կրկնում են սույն քաղխմբակի անդամները, վերաբերում է միայն Լոռու մարզին, մյուս համայնքները չեն մտնում «ուժեղացվելու» իրենց պլանների մեջ, հայրենիքը սկսվում և ավարտվում է մեկ՝ Լոռու մարզով։ Մարզ, որը, ինչպես նախքան ընտրությունները հայտարարել էր Սամվել Կարապետյանը, ոչ մեկին չեն տալու։ «Եթե Փաշինյանի մտքին կա հայտարարելու 10-րդ հանրապետություն, մենք Լոռին ոչ մեկի չենք տալու, Լոռիի համար մենք պայքարելու ենք»,- ազդարարել էր (ինչպես օրերս պարզվեց) ընդդիմադիր միակ «խելգլխին» լիդեր Կարապետյանը։ Այո, խելգլխին որոշում է չթաթախվել մյուս՝ 18 համայնքներում սպասվող ընտրական գործընթացներում՝ բավարարվել միայն մեկ համայնքով, գիտակցելով, որ ամեն անգամ գետը գերան չի բերում, այն է՝ քվեներ՝ ընտրակաշառքի զանազան դրսևորումների դիմաց։
Նշենք, որ ամփոփվել
են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին
կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների առաջադրումները։ Մասնավորապես Արարատի մարզի Արտաշատ համայնքում համայնքապետի
պաշտոնի համար կպայքարի 3 կուսակցություն՝ ՀՅԴ-ն, ՔՊ-ն ու «Նոր դարաշրջան»-ը,
Արմավիրի Արաքս
համայնքում՝ ՔՊ-ն, «Արդարություն» կուսակցությունների
դաշինքը։ Արմավիր
համայնքում առաջադրվել է միայն մեկ ուժ՝ ՔՊ-ն։ Կոտայքի մարզի
Գառնի, Շիրակի մարզի Ախուրյան համայնքներում և Վայքում ևս ՔՊ-ի հետ մրցելու համար
որևէ կուսակցություն չի առաջադրվել։
Կոտայքի մյուս երկու համայնքներում՝ Ծաղկաձորում ու Հրազդանում,
համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցելու է երկու ուժ՝
ՔՊ-ն ու ՀՅԴ-ն։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ևս
մրցակցային ընտրություններ են սպասվում՝ առաջադրվել է 4 քաղաքական ուժ՝ ՀՅԴ-ն,
ՔՊ-ն, «Ապրելու երկիր»-ը, «Մեր համայնքը» դաշինքը։
Սյունիքի Մեղրի համայնքում ընտրապայքարին կմասնակցի 4 ուժ՝ «Ապրելու երկիր», ՔՊ, ինչպես նաև Տիգրան
Խզմալյանի առաջնորդած «Հայաստանի եվրոպական կուսակցություն»-ը, նորահայտ՝ Գուրգեն
Սիմոնյանի գլխավորած «Հայաստանի
շնորհապետական կուսակցություն»-ը։ Գորիսում ու Գավառում էլ ՔՊ-ն ընտրապայքարին
մասնակցելու է «Համերաշխություն» անունով դաշինքով։ Գորիսում ՔՊ-ի մրցակիցը
«Ապրելու քվե» դաշինքն է, Գավառում՝ «Ինքնիշխան Հայաստան» ու «Հայկական քվե»
կուսակցությունները։
Շիրակի մարզի Արթիկ համայնքում ևս առաջադրվել է 4 ուժ՝ «Հայրենիք», ՔՊ, «Ազատ դեմոկրատներ» և «Ապրելու երկիր»։ Ջերմուկում առաջադրվել է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Ապրելու երկիր»-ը, Տավուշի Իջևան համայնքում Դավիթ Սանասարյանի գլխավորած «Ինքնիշխան Հայաստան»-ն ու ՔՊ-ն։
Ի դեպ, նախօրեին
ԱԺ ճեպազրույցների ժամանակ երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին
հարց հղվեց՝ ինչո՞ւ են որոշել շեղվել իրենց նպատակից՝ թեկնածուներ չառաջադրել, նա այդպես էլ հստակ, հոդաբաշխ բացատրություն չտվեց՝ նշելով միայն, թե վերոհիշյալ
համայնքներում առաջադրվել են ընդդիմադիր այլ ուժեր։ Ճիշտ է՝ «Ուժեղ Հայաստան»-ի լոգոյի
տակ հանդես չեն գալու, բայց դե, ինչ տարբերություն։ «Մենք վստահ ենք, որ ընդհանուր
առմամբ ՔՊ-ին մեծ փորձություն է սպասվում։ Ինչ վերաբերում է մյուս ընտրություններին
(նկատի ունի նոյեմբերին և դեկտեմբերին մյուս համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրությունները-խմբ.),
ապա ընտրություններին մոտ ժամանակաշրջանում մենք կունենանք կուսակցության համապատասխան
մարմինների նիստ, և կպարզվի՝ ինչպես ենք մասնակցելու»։ Ասել կուզի՝ դեռ բավարարվում
ենք Լոռիով, «ա տամ դալշե բուդետ վիդնո»։ Ի դեպ, չի բացառվում, որ որոշում կայացվի
այնուամենայնիվ չմասնակցել նաև նոյեմբերի ու դեկտեմբերի ընտրություններին։ Ինչպես ասում
են՝ նայած հանգամանքներին։
Արդ, վերհիշենք, թե համայնքներից որում ՈՒՀԿ-ն քանի տոկոս էր
ստացել անցած ԱԺ ընտրություններում. Արտաշատում՝
7 863 քվե, որտեղ ՔՊ-ն ստացել էր 27 հազար 642 ձայն, Մարտունիում՝ 4 494 քվե, որտեղ ՔՊ-ն ստացել է 18 հազար 898 քվե։ Մեղրիում 1 675 քվե ստացել է ՈՒՀԿ-ն, ՔՊ-ն՝
2 727 քվե, Գորիսում ՈՒՀԿ-ն ստացել է
3
657 քվե, ՔՊ-ն՝ 6 981 քվե, Արմավիրում 5 126 քվե ստացել է ՈՒՀԿ-ն, ՔՊ-ն՝
16 հազար։ Հրազդանում ՈՒՀԿ-ն ստացել է 7 671 քվե, ՔՊ-ն՝ 13 հազար 632 քվե, Գավառում
ՈՒՀԿ-ն ստացել է 5 111 քվե, ՔՊ-ն՝
11 հազար 983 քվե։
Ակնհայտ
է, որ հիշյալ բոլոր համայնքներում ուժեղները հազարավոր քվեների տարբերությամբ պարտվել են ՔՊ-ին, ուստի քաղաքական խելքի՝
գլխից բացակայությունը պիտի ստիպեր
ընտրապայքարի մեջ մտնել ու պարտվել կառավարող ուժին։ Ի դեպ, Ստեփանավանում ՈՒՀԿ-ն
ստացել է 3 207 քվե, իսկ ՔՊ-ն՝ 3 201, «Հայաստան»-ը՝ 330 քվե։ Ընդամենը 6 ձայնի տարբերությամբ, փաստորեն,
Սամվել Կարապետյանի ուժը ջախջախիչ հաղթանակ է տարել ՔՊ-ի նկատմամբ։ Գալիք ՏԻՄ
ընտրություններում, փաստորեն, ՈՒՀԿ-ի հույսը այն 6 հոգին են, որոնք պիտի քվեարկեն
իրենց օգտին ու ապահովեն «տաշիրանց» հաղթանակը ՔՊ-ի նկատմամբ։
Հ․Գ․ Նշենք, որ Ստեփանավանում ՔՊ-ի ընտրական
ցուցակը կգլխավորի Արայիկ Ներսիսյանը։ Գործող համայնքապետը անկուսակցական Արմեն Գրիգորյանն է, որը նախորդ
ընտրությունների ժամանակ ստացել է 4004 քվե։
ՈՒՀԿ-ի թեկնածուն Արսեն Գևորգյանն է, «Արսեն Գևորգյան Վաղինակի» ԱՁ տնօրենն է, եղել է ՈՒՀԿ-ի ընտրական ցուցակի 122-րդ
համարը։
Հ.
Մանուկյան