Հույս ունեմ՝ Սամվել Կարապետյանը կլինի վերջին գործիչը, ով ժողովրդից բացի այլ տերեր կճանաչի

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ զրուցել ենք այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած միջադեպի, Անկախության 35-ամյակին նվիրված համերգի շուրջ առաջացած աղմուկի, ընդդիմության ակտիվացման և ներքաղաքական հարցերի վերաբերյալ։


«Ղարաբաղից տեղահանությունը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, և դա պատմականորեն անփոփոխելի հանգամանք է:  ՀՀ Անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, և դա ևս պատմականորեն անփոփոխելի հանգամանք է։ Ես չգիտեմ՝ այն մարդիկ, որոնք կապում են այս երկու իրադարձությունները, ի՞նչ են առաջարկում՝ չեղարկե՞նք Անկախության տոնը, ի՞նչ անենք։ Ենթադրաբար, այսուհետ ևս տարիներ շարունակ ՀՀ-ն նշելու է սեփական Անկախության տոնը, և դա ամենևին չի նշանակում, որ մարդկանց հետ կատարված ողբերգությունների, դժբախտությունների մասին մենք չենք մտածում, կամ մեր սիրտը չի ցավում, բայց դրանք երկու տարբեր հարցեր են, երկու տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած անփոփոխելի ամսաթվեր են։ Սա համարում եմ անպտուղ քննադատություն և անարդյունավետ սրա մասին քննարկումները շարունակելը»,- ասաց պատգամավորը:


Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Տիգրանաշենի թեման շահարկելով՝ «Ուժեղ Հայաստանը» դա դարձնի «տրիգեր», ինչպես ասել է Սամվել Կարապետյանը, պատգամավորն ասաց, որ ընդդիմությունը, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, շատ իզուր է հույս փայփայում, թե իրենք կարող են Քյարքիի շուրջ քննարկումների վերաբերյալ հանրային տրամադրություններ գեներացնել։


«Էն, թե ինչպես ենք մենք պլանավորում սահմանագծում և սահմանազատում անել, ինչ տրամաբանությամբ, ինչ հերթականությամբ, ինչպիսի աշխատանքային միջավայրում, մենք կոմունիկացրել ենք Հայաստանի քաղաքացիների հետ, Հայաստանի քաղաքացիները քվեարկել են։ Այն մարդիկ, ովքեր համաձայն չեն եղել, քվեարկել են այլ ուժերի օգտին, այլ ուժերը չեն կարողացել ձևավորել կառավարություն։ Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր համաձայն են մեր մոտեցումների հետ, քվեարկել են մեր օգտին, մենք ձևավորել ենք կառավարություն և շարունակում ենք այն, ինչ խոստացել ենք մարդկանց։ Այստեղ ո՛չ գաղտնիք կա, ո՛չ դավադրություն, ո՛չ սուտ։ Բոլորն ամեն ինչ շատ լավ իմացել են։  Եվ ես կարծում եմ, որ հենց այն բանի բերումով, որ սա մի օրակագ է, որն արդեն իսկ քվեարկած է, հնարավորություն չի տալու դառնալու «տրիգեր»»,- հավելեց Թագուհի Ղազարյանը։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան