ԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներ, որոնք նախատեսում են ներմուծման տուրքերի վերացում, որը տարածվելու է դեպի Եվրամիություն արտահանվող հայկական ապրանքների մոտ 80%-ի վրա։
Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ միջոցառումները նպատակ ունեն աջակցել Հայաստանի տնտեսությանը Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումներից հետո։ Դրանք ուժի մեջ կլինեն երկու տարի։
Նոր կարգավորման համաձայն՝ ներմուծման տուրքերը չեն հաշվարկվի հայկական ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշակի գյուղատնտեսական ապրանքների վրա։
ԵՄ Խորհուրդը նշել է, որ միջոցառումները կօգնեն պահպանել և ամրապնդել Հայաստանից դեպի ԵՄ առևտրային հոսքերը՝ համաձայն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՍԵՊԱ) նպատակների։
Հայտարարության մյուս հատվածում նաև ասվում է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի։
Նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային կապի և լիակատար բացման մեջ՝ նախևառաջ օգուտ բերելու հակամարտության ժառանգությամբ բաժանված բնակչությանը և տարածաշրջանը մոտեցնելու կայուն խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։
ԵՄ-ն նաև հիշեցրել է, որ Հայաստանում ստեղծել է երկու քաղաքացիական առաքելություն Համատեղ անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում: