Իրանը ԱՄՆ-ին ներկայացրել է յոթօրյա հրադադարի առաջարկ, որի նպատակն է վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցով և դադարեցնել տարածաշրջանում ռազմական գործողությունները։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է առաջարկը, գրում է The Wall Street Journal-ը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ ՄԱԿ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Թեհրանը խաղաղության առաջարկը Կատարի միջոցով փոխանցել է ԱՄՆ-ին։
Նրա խոսքով՝ առաջարկի համաձայն՝ յոթօրյա ժամկետի մեկնարկից հետո պետք է բացվեր Հորմուզի նեղուցը, ինչպես նաև դադարեցվեին ռազմական գործողությունները տարածաշրջանում։
«Եթե ամերիկյան կողմը լուրջ մտադրություն ունի համաձայնության հասնելու և Հորմուզի նեղուցը բացելու, ապա դրա համար այժմ ամեն ինչ պատրաստ է»,– հայտարարել էր Արաղչին։
Այնուամենայնիվ, The Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաների, հայտնում է, որ Թրամփը մերժել է Իրանի առաջարկը։ Ըստ պարբերականի՝ ԱՄՆ նախագահն իր խորհրդականներին ասել է, որ ակնկալում է ռմբակոծությունների վերսկսում նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո։
Թրամփը նաև Truth Social-ում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը՝ ընդգծելով նեղուցի տարածքը և այն մակագրելով «Թրամփի նեղուց» (Trump’s Strait)։
Այս շաբաթ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ կանգնած է կարևոր որոշման առաջ՝ «ոչնչացնե՞լ Իրանը, թե՞ գործարք կնքել նրա հետ»։