Ռուսական ուժերը հարվածել են Կիևի կենտրոնում գտնվող բժշկական հաստատության շենքին

Ռուսական ուժերը հարված են հասցրել Կիևի կենտրոնում գտնվող բժշկական հաստատության շենքին։ Այս մասին Տելեգրամում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


«Արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել Կիևում՝ Գիտությունների ակադեմիայի շենքին հասցված ուղիղ հարվածի վայրում։ Ցավոք, այս պահի դրությամբ հայտնի է մեկ զոհի և վեց տուժածի մասին, որոնցից երեքը երեխաներ են։ Այսօր ցերեկը ռուսները հարված են հասցրել նաև մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բժշկական հաստատության շենքին»,- հայտարարել է երկրի ղեկավարը։


Նրա խոսքով՝ փրկարարներն այժմ փորձում են օպերատիվորեն մարել հրդեհը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հայտարարության համաձայն՝ Շևչենկովսկի շրջանում հարվածը հասցվել է 7-հարկանի վարչական շենքի 4-րդ հարկի մակարդակում։ Հարվածը թիրախավորել է այն շենքը, որտեղ տեղակայված է «Դոբրոբուտ» հիվանդանոցը։