Ռուսաստանում պայթուցիկների արտադրամասում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր և վիրավոր

Ռուսաստանյան Պերեսլավլ-Զալեսսկի քաղաքում պայթուցիկների արտադրության ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով հինգ մարդ է զոհվել, ևս մեկը՝ վնասվածքներ ստացել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:


ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ոտքի վնասվածքներ ստացած կնոջը շտապօգնության բժիշկները հոսպիտալացրել են, իսկ զոհվածների դիերը հայտնաբերվել են փլատակներում:


Հրդեհն արդեն տեղայնացվել է, սակայն ձեռնարկության տարածքում շենքերի այրումը շարունակվում է։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ավելի քան 100 մասնագետ և 40 միավոր տեխնիկա, դեպքի վայր են տեղափոխվում նոր ուժեր: Հրդեհի հնարավոր պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: