ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ծառայողի մոտ հայտնաբերվել է 1,2 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Սեպտեմբերի 10-ին թմրանյութի իրացման դեպք է բացահայտվել Շիրակի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Մակսիմ Բ․-ն ապօրինի ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրամիջոց։


shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Գյումրի քաղաքից Մակսիմ Բ․-ին ձերբակալել և տեղափոխել են Շիրակի մարզային քրեական վարչություն, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հագին եղած զինվորական տաբատի ձախ կողային գրպանից հայտնաբերվել է սև գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 1․2 գր․ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչի վերաբերյալ Մակսիմ Բ․-ն ոստիկաններին հայտնել է, որ այն պատկանում է իրեն, ձեռք է բերել այսօր՝ «Sas» կայքէջի միջոցով։



Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Մակսիմ Բ․-ի և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժին։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Մակսիմ Բ․-ն ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում։