Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել. նախագիծ

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգել մինչև 2031թ․ դեկտեմբերի 31-ը։


Այդ մասին հայտնում են Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից:


Միաժամանակ նախատեսվում է ծրագրում կատարել որոշակի փոփոխություններ՝

  • աջակցության չափը սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից և հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի չափից,
  • ընտանիքի՝ այլ գույք չունենալու պայմանն առավել նպատակային կիրառելու համար պայմանի ստուգումն իրականացնել դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների կտրվածքով, որպեսզի բացառվեն գույքի պայմանական օտարումները,
  • անշարժ գույքի արժեքի սահմանաչափը, անկախ երեխայի կարգաթվից, սահմանել 40 մլն դրամ՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը,
  • հաշվի չառնել դիմելու օրվա դրությամբ 12 ամիս մարումների առկայությունը և հնարավորություն տալ շահառուներին երեխայի ծնվելուց հետո՝ մինչև նրա 1 տարին լրանալը դիմել և ստանալ աջակցությունը։

Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարելի է ներկայացնել այստեղ: