ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սկոպյեում հանդիպել է մի շարք երկրների իր գործընկերների հետ
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի Թագավորության ԱԳ նախարար Լարս Լոկե Ռասմուսենի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել ՀՀ և ԵՄ միջև խորացող գործընկերության հիմնական ուղղությունների շուրջ։

Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի համատեքստում Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարները կարևորել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանմամբ և բացառապես երկխոսության և բանակցային գործընթացի միջոցով առկա հարցերի հանգուցալումը: Այս համատեքստում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել հոկտեմբերին Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ արտացոլված սկզբունքները՝ նշելով, որ դրանք նոր չեն քաղաքակիրթ աշխարհի համար և դրանց նկատմամբ բոլոր ներգրաված կողմերի ամուր հանձնառությունը թույլ կտա Հարավային Կովկասում ապահովել կայունություն։  

Արարատ Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ նշելով այս ծրագրի կողմից ընձեռվող հնարավորությունները՝ տարածաշրջանի և դրանից դուրս երկրների միջև արդյունավետ փոխկապակցվածության ձևավորման առումով։  

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրմանը։

***

Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների համագործակցության թեմաներ՝ երկուստեք արձանագրելով հարաբերությունների թե՛ զարգացման գոհացուցիչ դինամիկան, թե՛ խորացման պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել թիրախային, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև գործարար շրջանակների համար գրավիչ ուղղություններով համագործակցության ընդլայնման շուրջ։

Ընդգծելով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ բարեփոխումները և վերջին տարիներին արձանագրվող բարձր ցուցանիշները՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Նորվեգիայի հետ նշյալ ուղղություններով ակտիվ փոխգործակցութունը և զարգացման աջակցությունը: Երկուստեք մեծապես կարևորվել է այս և այլ ուղություններով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումը։

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և առկա միտումներին։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականն ընդհանուր առմամբ, ինչպես նաև այդ ուղղությամբ առկա կոնկրետ նախաձեռնությունները, իրականացվող քայլերը։ Այս համատեքստում, կարևորելով տարածաշրջանային ընդգրկուն ծրագրերի կյանքի կոչումը, Արարատ Միրզոյանը մանրամասնել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առանձին բաղադրիչներ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ծրագրված և արդեն իսկ իրականացվող քայլերը:

***

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հանդիպումը։

Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև քաղաքական երկխոսության օրակարգային թեմաներ՝ ի շարունակություն ս.թ. մարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Մալթա կատարած պաշտոնական այցի և դրան հաջորդած՝ նաև բազմակողմ հարթակներում արդյունավետ քննարկումների։ 

Անդրադառնալով ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի՝ նախարար Միրզոյանն Իեն Բորջին հաջողություն է մաղթել ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելիս՝ հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգության հարցերում կազմակերպության առջև ծառացած լուրջ մարտահրավերները։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ: Վկայակոչելով ՄԱԿ Անվտանգության խորհրդում սեպտեմբերին կայացած քննարկումները՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ աղետալի էր առերեսվել Լեռնային Ղարաբաղում փաստացի էթնիկ զտմանը, ինչը տեղի ունեցավ ի հեճուկս միջազգային գործընկերների թիրախային կոչերի։ 

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ՀՀ-ը ջանքերը՝ միտված տարածաշրջանում պահպանվող մարտահրավերների հաղթահարմանը, այդ թվում նաև՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքների՝ նախորդ շաբաթ ՀՀ առաջարկներն Ադրբեջանին փոխանցելու միջոցով։

***

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ:

Ի շարունակություն երկու նախարարների միջև ակտիվ քննարկումների՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին՝ ընդգծելով ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված հայ-շվեդական հարաբերությունները խորացնելու երկուստեք պատրաստակամությունը։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաների շուրջ՝ երկուստեք կարևորելով Եվրոպական միության հետ մոտարկման միջոցով ՀՀ քաղաքացիների և հասարակության համար շոշափելի արդյունքների ապահովումը։ 

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի միջոցով ընձեռնվող հնարավորությունները՝ կարևորելով դրա կյանքի կոչման ուղղությամբ միջազգային գործընկերների գործուն ներգրավածությունը, ներդրումների խրախուսումը։