Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Աղոթքի երկրորդ նախաճաշին:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից և արտերկրից բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։
Ելույթով հանդես է եկել Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնը: Նախաճաշը մեկնարկել է աղոթքով, որը հնչեցրել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց առաջնորդ Տեր Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ողջունել է ներկաներին և խոսքը սկսել Աստվածաշնչի Առակաց գրքի առաջին առակով, որն առաջին հայերեն տեքստն է Մեսրոպ Մաշտոցի կողմից Հայոց այբուբենի ստեղծումից հետո. «Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը և ուղղել իրավունքը՝ պարզամիտներին խորագիտություն և երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով՝ իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա, թափանցի առակների և խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի և նրանց այլաբանությունների մեջ»:
Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքով Ավետյաց երկիրն է, այն Ավետյաց երկիրը, որը Աստված տվել է։ «Եվ սրա համար կան, այդ թվում՝ հոգևոր հիմնավորումներ: Մեսրոպ Մաշտոցի աճյունն ամփոփված է Հայաստանի Հանրապետության Աշտարակ խոշորացված համայնքի Օշական գյուղում։ Խորվիրապը, որը մեր քրիստոնեական հավատքի աղբյուրն է, ակունքն է, գտնվում է Հայաստանի Հանրապետության Վեդի խոշորացված համայնքի տարածքում։ Մեր քրիստոնեության, մեր հավատքի մայրաքաղաքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կենտրոնը և մեր սրբություն սրբոցը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վաղարշապատ խոշորացված համայնքի Էջմիածին բնակավայրում։ Եվ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, մեր քրիստոնեական էության արտահայտությունն է։ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը մեր Ավետյաց երկիրն է»։
Խոսելով հավատքի կարևորության մասին՝ վարչապետն ընդգծել է. «Աստված այո՛, ամեն մարդու մեջ է, ամեն մարդու մեջ կա Աստված, բայց Աստված իրականում ժողովրդի մեջ է, որովհետև ժողովուրդն է այն մեծությունը, որը կարող է ընդգրկել Աստծուն: Բայց շատ կարևոր է, որ ժողովուրդն առերեսվի այս փաստի հետ՝ ինքն իրեն և իր երկիրը, իր պետությունն ընկալի որպես Աստծո կացարան: Թերևս, սա է այն հենքը, որի վրա մենք կարող ենք ստեղծել արժեքահենք պետություն և արժեքահենք հասարակություն»,-նշել է վարչապետը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, աղոթքի նախաճաշի ձևաչափը կարևոր է նրանով, որ ամեն մարդ ազատ է խոսել Աստծու և իր հարաբերությունների մասին, իր հոգևոր զգացումների մասին. «Սա այն տեղը չէ, որ որևէ մեկն իր ընկալումը համարի ճշմարիտ, մյուսների ընկալումը համարի ոչ ճշմարիտ, որովհետև այս ձևաչափում յուրաքանչյուրը խոսում է Աստծո իր ընկալման մասին, Աստծո հետ հարաբերությունների իր փորձի մասին և սա է այն տեղը, որտեղ կարող է լինել համերաշխությունը»:
Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ այս օրերին Հայաստանում ազգային փոքրամասնությունների օրն է նշվում և ընդգծել, որ չնայած Հայաստանի Հանրապետությունում, բնակչության բացարձակ մեծամասնությունը քրիստոնյա են և բացարձակ մեծամասնությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ, բայց կան հայ կաթոլիկ եկեղեցու հետևորդներ, Ավետարանական եկեղեցու հետևորդներ, կան նաև ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, ովքեր ունեն իրենց հավատքը, քրդեր, ռուսներ, ասորիներ, հրեաներ, հույներ, վրացիներ, այլ ազգությունների ներկայացուցիչներ:
Վարչապետն ուրախությամբ է հիշել իր այցելությունը Հայաստանի եզդիական ամենամեծ սրբավայր և ընդգծել. «Ինչքան հասկացա, ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ ընդհանրապես այցելել է այդ տեղը: Բայց նաև կա դավանաբանական խնդիր՝ մի ուղղության հետևորդների այլ ուղղության եկեղեցի գնալու հետ կապված: Այսինքն՝ ինչ-որ բարդություններ կան: Աղոթքի նախաճաշի ձևաչափն այնպիսին է, որ մարդիկ կարող են գալ և իրար հետ աղոթել՝ անկախ նրանից, ինչպիսին է նրանց հավատքի, դավանաբանական ուղղությունը: Եվ սա շատ գրավիչ է նաև այս տեսակետից: Քաղաքական, ազգային փոքրամասնությունների, դավանաբանական վեճերը մնում են այս ձևաչափից դուրս և այս ձևաչափն այդպիսով, ահա, շատ կարևոր է Հայաստանի համար»:
Ընդգծելով Աղոթքի նախաճաշի ձևաչափի կարևորությունը՝ վարչապետը նշել է. «Աղոթքի նախաճաշի ձևաչափը գրավիչ է հենց դրանով, որ յուրաքանչյուրը կարող է կիսել իր պատմությունը մյուսների հետ, և այդ պատմությունը չի լինի կեղծված, և այդ պատմությունը կլինի իսկական, իրական և մարդկային։ Նաև սրա համար է կարևոր Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշը»:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, հյուրերին, բանախոսներին, ովքեր կիսվել են իրենց կարևոր մտքերով. «Մենք պետք է շարունակենք այս ճանապարհը՝ որպես համերաշխության, հավատքի, միասնության և լավատեսության ճանապարհ, որովհետև իմ ընկալմամբ՝ հավատալ Աստծուն, նշանակում է հավատալ քո ժողովրդին, հավատալ քո պետությանը, հավատալ մարդկությանը և հավատալ ինքդ քեզ»:
Վարչապետն իր ելույթն ամփոփել է Սաղմոսով. Սաղմոս համար 5՝ աղոթք ապահովության համար: